Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկուկես տարի շարունակ Արցախյան շարժումը միջազգային իրավունքի եւ խորհրդային Սահմանադրության շրջանակներում ընթացող հետեւողական գործողություններով ի դերեւ հանեց միութենական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման դեմ ձեռնարկված բոլոր ծրագրերն ու ահաբեկչական միջոցառումները։Դրա հետ մեկտեղ այդ գործողությունների հետեւանքով Մոսկվան ստիպված էր քայլ առ քայլ, թեկուզեւ փոքրիկ, թեկուզեւ անբավարար զիջումներ կատարել Արցախի խնդրի լուծման ուղղությամբ։ Դրանք են՝ ԽՄԿԿ կենտկոմի եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988թ. մարտի 24-ի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մասին», ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988թ. ապրիլի 9-ի որոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման մասին, Ազգությունների խորհրդի մի նոր հանձնաժողովի ստեղծումը 1988թ. հուլիսի 18-ին կայացած ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստից հետո, 1988 թ. օգոստոս ամսին Լեռնային Ղարաբաղում ԽՄԿԿ կենտկոմի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ներկայացուցչի նշանակումը եւ, վերջապես, Լեռնային Ղարաբաղում Հատուկ կառավարման կոմիտեի հաստատումը ս.թ. հունվարի 11-ին։ Հաջորդ զիջումն, ինչպես հայտնի է, սպասվում է նոյեմբերի 13-ին, որի հետ են ուղղակիորեն կապված վերջին շրջանում Ադրբեջանում սաստկացած հակահայկական ցույցերն ու բռնությունները, մասնավորապես Հայաստանի շրջափակումը։ Անկախ այն ակնհայտ իրողությունից, որ թվարկված միջոցառումները ոչ միայն շոշափելի արդյունքի չհանգեցրին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում, այլեւ ավելի խճճեցին ու բարդացրին այն, եւ նույնը պետք է սպասել նաեւ նոյեմբերի 13-ին կայացվելիք որոշումից, այնուամենայնիվ չի կարելի անտեսել կենտրոնական իշխանությունների կատարած զիջումների քաղաքական նշանակությունը։ Դրանց ձեռնարկմամբ նախ՝ Մոսկվան ակամա խոստովանեց Արցախի խնդրի առկայության եւ նրա լուծման անխուսափելիության փաստը, իսկ դրանց ձախողմամբ ակնհայտ դարձավ, որ այդ խնդիրը կարող է ունենալ միայն ու միայն մեկ լուծում, այն է՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։