Ցանկացած դրական երեւույթ մատուցվում է որպես Աստծո շնորհ կամ ընդդիմության երախտիք, ցանկացած բացասական երեւույթ՝ որպես իշխանությունների խարդավանք։
Հաջողություններին բոլորն են տեր կանգնում, ձախողությունները՝ բարդում են մեկի վրա։ Ինչպես ասում են՝ հաղթանակը հազար ծնող ունի, պարտությունը՝ որբ է։
Ինչ որ լավ է՝ օբյեկտիվ է, այսինքն կախված չէ իշխանությունների կամքից, ինչ որ վատ է՝ սուբյեկտիվ է, այսինքն իշխանությունների մեղքն է։
Երբ անձրեւը ժամանակին է գալիս՝ Աստծո կամ ԱԺՄ-ի շնորհքն է, երբ անպատեհ ժամի՝ Տեր-Պետրոսյանի կամ ՀՀՇ-ի դավադրությունն է։
Ամեն ինչ սեւ է, ամեն մարդ՝ դժբախտ, ամենուրեք ճգնաժամ է, ամենուրեք՝ հոգեվարք, երկիրը դժոխք է, ազգը՝ կործանված։
Չկա ազգային գաղափարախոսություն, չկա պետական ծրագիր, չկան տնտեսական բարեփոխումներ, չկա ժողովրդավարություն, չկա արտաքին քաղաքականություն, չկա, չկա ու չի լինի, քանի դեռ…
Ահա մոտավորապես Հայաստանի այն ողբերգական պատկերը, որ յոթ տարի շարունակ գծվում[1] է ընդդիմադիր մամուլում. Ցանկության դեպքում, առանց ճիգ թափելու դուք կարող եք այն ավելի խտացնել ու մռայլ դարձնել։
Իհարկե, տհաճ է լսել այս ամենը, մանավանդ, երբ դա մատուցվում է որպես վերին ճշմարտություն, որպես արդար դատավճիռ։
Բայց եթե դրանից սրտնեղում ենք, եթե սկսում ենք մեղավորներ փնտրել մեր ներսում, նշանակում է դեռեւս լավ չենք սերտել ժողովրդավարության այբուբենը։
Իրականում ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում. իշխանությունն անում է իր գործը, ընդդիմությունն՝ իրենը։ Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը՝ հայհոյում, իշխանությունը սայթաքում է, ընդդիմությունը՝ հրճվում, իշխանությունն արդարանում է, ընդդիմությունը՝ չարախնդում, իշխանությունը փորձում է լուծել ծագած խնդիրները, ընդդիմությունը ձգտում է նոր խնդիրներ ստեղծել նրա համար։
Արտառոց ոչինչ չկա, որովհետեւ այդպես է աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում։
- ↑ Տպագրում ընդգծվում է, ըստ ձեռագրի ուղղում ենք գծվում է։