Էջ:Ընտրանի.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մարդու վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, ապա իշխանությունների նկատմամբ գործում է հանցավորության կանխավարկածը. պետության մեջ ինչ էլ տեղի ունենա, մեղավորն իշխանություններն են։

Ընդդիմությունն, ըստ այդմ, միշտ գտնվում է հարձակվողի, իսկ իշխանությունը՝ պաշտպանվողի դերում։

Ընդդիմությունն ունի այն առավելությունը, որ հարձակումը, այսինքն՝ իշխանությունների քննադատությունը, վարկաբեկումը, նզովումն ու դատապարտումը նրա միակ գործն է։ Այլ հոգս կամ պատասխանատվություն, քան քարոզչությունը, նա չունի։ Մենք եղել ենք ընդդիմություն, եւ դա շատ լավ գիտենք։

Իշխանություններն ու իշխող կուսակցությունն այս տեսակետից գտնվում են ավելի անբարենպաստ դիրքում. ընդդիմության քարոզչությունից պաշտպանվելուց բացի նրանք պետք է վարեն պետության ու հասարակության բոլոր գործերը։ Մենք իշխանություն եւ իշխող կուսակցություն ենք, եւ սա նույնպես լավ գիտենք։

Ընդդիմությունն ունի եւս մի առավելություն. չկրելով որեւէ պետական պատասխանատվություն, հետեւաբար՝ չունենալով սխալվելու հնարավորություն, նա խելացի գործելու դեպքում կարող է անընդհատ բարձրացնել իր վարկանիշը։ Մինչդեռ իշխանություններն իրենց գործունեության մեջ անխուսափելիորեն թույլ տալով սխալներ ու սայթաքումներ, շարունակ կանգնած են իրենց վարկանիշի անկման վտանգի առջեւ։

Սա նկատի ունենալով՝ միանգամայն բնական եմ համարում, որ մեր իշխանությունների եւ ՀՀՇ-ի վարկանիշը 1990–1991 թվականների համեմատ ակնհայտորեն ընկել է։ Այս հանգամանքն, անշուշտ, խորհելու ու մտահոգվելու տեղիք պետք է տա, բայց սրանից ողբերգություն չպետք է սարքել։

Իհարկե, որպես գործող իշխանություն մենք էլ ենք սխալներ թույլ տվել ու սայթաքել։ Բայց եթե չսխալվեինք ու չսայթաքեինք անգամ, միեւնույն է, մեր հեղինակությունն ընկնելու էր, որովհետեւ աշխարհում դեռ ոչ մի իշխանության չի հաջողվել արդարացնել իր ժողովրդի բոլոր հույսերը։