Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆՈՎՈՅԵ ՎՐԵՄՅԱ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

(սեպտեմբեր, 1997 թ.)

…Դա մի շրջանակ էր, եւ եթե նրանցից՝ երիտասարդ ֆիզիկոսներից, բանասերներից, մաթեմատիկոսներից, փիլիսոփաներից եւ նրանց ընկերներից, եւ նրանց համալսարանական համախոհներից ու դասախոսներից ոմանք էլ իրար անձամբ չէին ճանաչում, ապա անպայման հանդիպել էին եւ գոնե ինչ-որ կերպ, ընկերների միջոցով (Երեւանը «նեղ» քաղաք է) նրանք բոլորը ծանոթ էին եւ հաճախում էին նույն բնակարանները, նույն թատրոնները, նույն ռեստորանները։ Նրանք կարդում եւ փոխանցում էին միեւնույն «սամիզդատը» (իսկ Երեւանն ասես ափի մեջ է), իսկ հետո նրանց հերոսացնում էին, դուրս էին անում, հարցաքննում էին։ Ոմանց նստեցնում էին։ Իսկ հետո այդ շրջանակի մի մասը դարձավ իշխանություն։ Եւ դա հաղթարշավ էր, քանի որ իշխանությունը՝ բարձրագույնը, իրենցն էր։

Սակայն այդ սեփական իշխանություն երեւույթը, պարզվեց, չափազանց հարուստ է նրբերանգներով։

Իշխանությունն ունի իր ներքին օրենքները, դրանք խորթ են երեկվա դասընկերներին, եւ իբրեւ դասընկերներ նրանք չեն ներում… ո՛չ, ո՛չ իշխանության, այլ՝ նախկին ընկերների որեւէ վրիպում։ Եւ հետո հին ընկերությունը տարօրինակ երանգ է ստանում, հին ընկերությունը վերածվում է իշխանությանը հատուկ ձեւով հայհոյելու հատուկ իրավունքի։ Այդ իրավունքով ոչ ոք չի էլ պարծենում, սակայն օգտվում է դրանից։ Որովհետեւ տարօրինակ է. մի երկրում, ուր աշխատավարձը քսան դոլար է, հողի փոխարեն լեռներ են, շարունակվում է Ղարաբաղը, եւ ելքն էլ առանձնապես չի երեւում, իշխանությունն ու ընդդիմությունը կազմված են միեւնույն Լեֆորտովոն անցած միեւնույն լիբերալ մտավորականներից։ «Այն ժամանակվա Լեւոնը եւ այժմյան Լեւոնը, ցավոք, երկու բացարձակապես տարբեր մարդիկ են»,– երկար ու կրքոտ համոզում էր ինձ մի հայ բանասեր։ «Սակայն ահա սրանց համար,– եւ զրուցակիցս թվարկեց բանասեր Տեր- Պետրոսյանի մի քանի մենագրություններ,– նրան կարելի է ամեն ինչ ներել…»։ Տեր- Պետրոսյանը Սորբոնի պատվավոր դոկտոր է։ Ոչ իբրեւ Նախագահ, այլ իբրեւ գիտնական…

Իշխանությունն էլ, ինչպիսին էլ այն լինի, ենթակա է չգրված օրենքների։ Ողջ հետխորհրդային տարածքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահական ստաժով կարող է համեմատվել միայն Ելցինի հետ։ Այս տարիների ընթացքում նրա մերձավոր շրջապատում այն