Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրական երեք-չորս ժամ։ Այսօր, թռչելով Երեւան, ես տեսա աներեւակայելին՝ լուսավոր քաղաք, ինքնաթիռում էլ բոլորովին այլ մարդիկ են, ոչ թե պարկավորներ, այլ իսկական գործարարներ, հնչում էր անգլերենը, ճապոներենը։ Երեւանն էլ, իհարկե, այսօր այնպիսի տեսք ունի, ինչպիսին վայել է մայրաքաղաքին։ Հայաստանը սովորե՞ց ապրել շրջափակման մեջ, թե՞ կան այլ գաղտնիքներ։

(Ծիծաղում է։) Եթե միայն մեր ընդդիմությունը ուզենար տեսնել այդ ամենը… Այո, տարբերությունը հսկայական է։ Եւ ես կարծում եմ, որ մենք, իրոք, շատ բան ենք արել։ Դուք կարող եք դա եւս ավտորիտարիզմ համարել, բայց մենք այդ ամենածանր ժամանակներում հասկացանք, որ ամենավտանգավորը քաոսն է։ Երկրի կառավարելիությունը մեզ համար դարձավ համար առաջին խնդիրը։ Եւ մենք արեցինք գլխավորը՝ ստեղծեցինք պետական կառույցներ։ Այն, ինչ արեցին Վանո Սիրադեղյանը ՆԳՆ-ում, Վազգեն Սարգսյանը՝ բանակում, Հրանտ Բագրատյանը՝ կառավարությունում եւ Բաբկեն Արարքցյանը պառլամենտում, փրկեց մեզ։ Պետությունը դարձավ կառավարելի, եւ մենք հասկացանք, որ արդեն ամեն ինչ կարող ենք անել։ Մենք ընդունում էինք որոշումներ (դրանք հիմա ձեզ ծիծաղելի կարող են թվալ), ասենք, 20 ցիստեռն բենզին հյուսիսային սահմաններից ուղարկել Մեղրի, եւ մեկ-երկու օրվա ընթացքում դա իրականացնել։ Եւ երբ աբխազական երկաթուղին շրջափակված էր, եւ մենք հայտնվել էինք ճգնաժամային իրավիճակում (եղավ պահ, երբ հացի պաշարները կարող էին բավարարել կես օր), հաջողվեց աներեւակայելի մեխանիզմներով հաց կրել ́աթումից ու Փոթիից՝ ավտոշարասյունների միջոցով, 500–700 մեքենաներով։

Եւ այդ կառավարելիությունը մենքպահպանում ենք մինչեւ օրս։ Հնարավոր է, որ մենք շատ սխալներ ենք գործում, բայց երբ որեւէ որոշում ենք ընդունում, կարողանում ենք այդ որոշումն իրագործել մինչեւ վերջ։

Գաղտնիքներ չկան, կյանքն ստիպեց մեզ ապրելու համար տարբերակներ փնտրել, եւ գտանք այդպիսիք. ես նկատի ունեմ հարաբերություններն Իրանի հետ։ Մենք սկսեցինք զրոյից, իսկ այսօր Իրանը մեր առաջին տնտեսական գործընկերն է։ Եւ եթե այսօր սահմանային կամուրջը փակվի, մեկ շաբաթ անց՝ այստեղ գները կկրկնապատկվեն։ Այդ հարցում, ահա, թե որքան զգայուն է մեր շուկան։