ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ռադիոգործակալություն ― Պարոն Նախագահ, Ձեր կարծիքով ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ իսրայելա-թուրքական ռազմական համագործակցությունը ողջ տարածաշրջանի վրա ընդհանրապես (ի նկատի ունեմ Մերձավոր Արեւելքը, Պարսից ծոցը, Անդրկովկասը) եւ Հայաստանի վրա մասնավորապես։
― Ես կարծում եմ՝ բոլոր այն համաձայնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում զանազան երկրների հետ հակամարտությունների խորացմանը, այս կամ այն կերպ կազդեն նաեւ Հայաստանի վրա։ Եթեիսրայելա-թուրքական ռազմական համագործակցությունն ուղղված է արաբական երկրների դեմ, բնական է, սա ավելի պիտի խորացնի լարվածությունը Մերձավոր Արեւելքում եւ ավելի անորոշ դարձնի Հայաստանի իրավիճակը, քանի որ մենք Կովկաս լինելուց առավել մերձավորարեւելյան տարածաշրջանի երկիր ենք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ, «Իրավունք» ― Հարցը վերաբերում է անցած տարվա իրադարձություններին։ Ձեր նախկին զինակից, «Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանը իր հարցազրույցներից մեկում պնդում էր, թե անցյալ տարվա սեպտեմբերի25-ին Ձեր անձնական ինքնաթիռը պատրաստ էր թռիչքի։ Ձեր դուրս գալը ամառանոցից խոչընդոտել էին Վազգեն Սարգսյանի տղաները։ Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել այդ պնդումը։
― Ես Ձեզ խորհուրդ կտամ հավատալ Ալբերտ Բաղդասարյանին։ Եթե դա Ձեզ հաճելի է։
ԱՐՄԵՆ ԽԱՆԲԱԲՅԱՆ, «Ռեսպուբլիկա Արմենիա» ― Պարոն Նախագահ, եթե ծանոթանանք Ադրբեջանի եւ Վրաստանի լրատվական միջոցների հաղորդագրություններին, կարծիք կստեղծվի, որ այդ երկրներում գտնում են, թե Հայաստանն անուղղակի կերպով ձգտում է խոչընդոտել Կովկասում եւ Անդրկովկասում ինտեգրացման պրոցեսներին, այդ թվում, այսպես կոչված, Կովկասյան ԵԱՀԿ-ի ստեղծմանը։ Նույնիսկ այն կարծիքն է ստեղծվում, որ ոչ այնքան ղարաբաղյան խնդրի առկայության, այլ իր ռուսամետության պատճառով է, որ Հայաստանը խոչընդոտում է դրան, քանի որ Ռուսաստանը շատ դեմ է կովկասյան նման ինտեգրացմանը։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։