Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Ես չէի ասի, որ Ղարաբաղի հարցի լուծման, կամ Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ղարաբաղի տեսակետների միջեւ տարբերություններ կան։ Ո՛չ, թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը ցանկանում են, որ ղարաբաղցին լինի անվտանգ, ազատ, որ ունենա նորմալ կենսագործունեության հնարավորություն, որ օգտվի մարդու այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում է ցանկացած եւրոպական ազգ, որովհետեւ ղարաբաղցին ոչնչով պակաս չէ գերմանացուց, ֆրանսիացուց, որպեսզի նրա ազատությունը սահմանափակվի։ Այս հարցում որեւէ տարաձայնություն գոյություն ունենալ չի կարող։ Տարաձայնություն կարող է լինել կարգավորման ընթացքի, մեթոդոլոգիայի նկատմամբ։ Գաղտնիք չէ, իհարկե, կան տարաձայնություններ։ Զարմանալի կլիներ, որ նման տարաձայնություններ չլինեին։ Սա երբեմն միջնորդներն անգամ չեն ուզում տեսնել, նույնիսկ մտածում են, թե ինչ-որ խաղ կա, որ Հայաստանն ու Ղարաբաղը ցույց են տալիս, թե իբր ունեն տարաձայնություններ, բայց իրականում նրանք գործում են միասնաբար։ Բայց սա սխալ է, որովհետեւ նման մյուս հակամարտությունների փորձն էլ ցույց է տալիս, որ հակամարտության բոլոր կողմերն աստիճանաբար, եթե ոչ միանգամից, դառնում են ինքնուրույն քաղաքական գործոններ։ Ես գիտեմ, այո, շատ լուրջ տարաձայնություններ կան նաեւ Դենքթաշի եւ Դեմիրելի միջեւ, Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ։ Մենք հիշում ենք այն լուրջ տարաձայնությունները, որ կային Միլոշեւիչի եւ Կարաջիչի միջեւ։

Դա բնական է, Ղարաբաղը շատ լուրջ քաղաքական գործոն է։ Կա ժողովուրդ, կան ընտրյալ իշխանություններ, ունի հզոր, հաղթական բանակ։ Ինչո՞ւ պիտի Ղարաբաղը քաղաքական գործոն չլիներ եւ ինչո՞ւ պիտի իր ձայնը չունենար ոչ միայն Ադրբեջանի ու միջնորդների հետ խոսելիս, այլ նաեւ Հայաստանի հետ խոսելիս։ Ես սա շատ բնական եմ համարում։ Բայց, միաժամանակ, ունենալով տարաձայնություններ, ունենալով երբեմն լարված պահեր, մենք միշտ կարողացել ենք համագործակցել եւ ընդհանուր առմամբ այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք գտնել ընդհանուր եզրեր։ Այսօր էլ, այո, կան տարբերություններ։

Շատ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ ընդհանրապես Ղարաբաղի հարցի լուծման հինգ տարբերակ գոյություն ունի.