Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1. Նախ՝ գտնել արտաքին շուկաներ։ Օգնել մեր արդյունաբերողներին արտաքին շուկաներ հայթայթելու հարցում։

2. Ներգրավել օտարերկրյա ներդրումներ։

3 Հայաստանում բոլոր օտարերկրյա ներդրողներին զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկներից, որպեսզի ներդրողը Հայաստանում գործ ունենա մեկ գործընկերոջ հետ։ Օտարերկրյա ներդրողը պարտավոր չէ դռնից դուռ ընկնել, ստորագրություններ հավաքել՝ մարզպետարան, քաղաքապետարան, դատարան եւ այլն, եւ այլն։ Ամբողջ ծառայությունը պիտի իրականացնի այդ խորհուրդը։

4. Ներդրողներին մատուցել իրավաբանական խորհրդատվություն, որպեսզի ներդրողներն անմիջապես հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող օրենսդրությանը։

5. Կատարելագործել, շարունակ հետեւել, բարեփոխել մեր տնտեսական օրենսդրությունը։ Սա նույնպես մտնելու է նրա խնդիրների մեջ։ Սա շատ լուրջ հարց է։

Հաջորդ կարեւոր խնդիրը մեր հարկային քաղաքականության բարեփոխման խնդիրն է՝ արդյունաբերության խթանման տեսակետից։ Եւ այսօր կառավարությունը պատրաստում է շատ լուրջ փաթեթ, որով բավականին կթեթեւանա մեր արդյունաբերողների հարկային բեռը, մասնավորապես՝ շահութաբեր ձեռնարկությունների համար։ Այնպես որ, սա ամենօրյա մտահոգության առարկա է։

Այս ամբողջը, սակայն, ես համարում եմ կոսմետիկա, առկա հնարավորությունների առավելագույն օգտագործում, ոչ ավելին։ Սա կթեթեւացնի մեր վիճակը, մի փոքր կբարելավի մեր կենսամակարդակը, բայց Հայաստանը չի դառնա ժամանակակից պետություն, Հայաստանում տնտեսական զարգացում չի լինի, մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը, մինչեւ չվերանան շրջափակումները։

ԱԼՅՈՇԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ, «Բի-Բի-Սի» ― Լեռնային Ղարաբաղի ղեկավարության վերջին հայտարարություններում ասվում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումների մեջ տարաձայնություններ կան Մինսկի խմբի եռանախագահության ներկայացված առաջարկությունների նկատմամբ։ Կարո՞ղ եք արդյոք պարզաբանել այդ տարաձայնությունները։