Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում։ Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը։

Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը։ Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը։ Այլ կերպ վարվելու դեպքում աղետներն ու արհավիրքներն անխուսափելի կլինեին, եւ այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլեւ վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը։ Լուսաբանությունների համար հեռու չգնալով, հիշենք մեր հարեւանների բախտը. Մեր աչքի առջեւ Գամսախուրդիան եւ Էլչիբեյը որդեգրեցին հերոսանալու քաղաքականությունը, դարձան ազգային կուռքեր, բայց անհամար աղետներ բերին իրենց ժողովուրդների գլխին։

Առասպելներ եւ հանելուկներ

Հայաստանի քաղաքական մտքի եւ հասարակական կարծիքի անդաստաններում դեգերում են նաեւ որոշ կայունացած պնդումներ, որոնք արդեն վերաբերում են առասպելի ու հանելուկի բնագավառին. Առասպել առաջին. Հայաստանն իբր ճնշումներ է բանեցնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա։

Այս պնդման առթիվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանը միայն մեկ անգամ է ճնշում բանեցրել Ղարաբաղի վրա՝ 1993 թվականին նրան համոզելով մասնակցել Մինսկի խմբի բանակցություններին, եւ այդ մասնակցությունը իրեն լիովին արդարացրել է։

Ոչ այսօր, ոչ վաղը Հայաստանը մտադիր չէ ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ղարաբաղի անունից որոշումներ է ընդունում միայն նրա ղեկավարությունը՝ բնականաբար կրելով դրա պատասխանատվությունը ոչ միայն Ղարաբաղի բնակչության, այլեւ ողջ հայ ժողովրդի առջեւ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ Հայաստանը հրաժարվում է խորհրդակցել Ղարաբաղի իշխանությունների հետ եւ նրանց համոզել այն հարցերում, որոնք ճիշտ եւ նպատակահարմար է համա