Էջ:Ընտրանի.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաջորդ թյուրիմացությունը կամ ավելի ճիշտ՝ անհեթեթությունն այն է, թե Հայաստանի Նախագահը ծախում է Ղարաբաղը իր իշխանությունը պահելու համար։ Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որեւէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել։

Ի դեպ, իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե հերոսականացումը։

Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել (կարող եք ստուգել) եւ չեմ էլ ուզում ստանալ։

Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։ Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ։ Ես վերընտրվել եմ իմ առջեւ կանգնած դժվարությունների եւ դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենեւին չեմ զղջում։

Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները։ Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն։ Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ