Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առասպել չորրորդ. Ռուսաստանի ներկայիս կոսմոպոլիտ իշխանությունները չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը (այս հարցում մեղավոր է նաեւ Հայաստանը, որը չի կարողանում դա նրանց բացատրել)։ Բայց շուտով Ռուսաստանում իշխանության կգան իսկական ազգայնական ուժեր, որոնք Հայաստանը դարձնելով Կովկասի Իսրայել, Ղարաբաղի հարցը մեր օգտին կլուծեն։

Կասկածելի ու հարցական են, եթե չասենք անհեթեթ, այս առասպելի անխտիր բոլոր դրույթները.

- արդյոք իսկապե՞ս կոսմոպոլիտ են Ռուսաստանի ներկա իշխանությունները.

- իրո՞ք նրանք չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը.

- Հայաստա՞նն է, որ դա պետք է հասկացնի նրանց.

- Ռուսաստանին դաս տվողները, արդյոք, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում ՝ վարկաբեկելով հայի կերպարը.

- իսկապե՞ս Ռուսաստանում իշխանության են գալու ազգայնական ուժերը.

- նրանք արդեն խոստացե՞լ են Ղարաբաղը նվիրել Հայաստանին կամ ճանաչել նրա անկախությունը, այդ խոստումը եղել է բանավոր, թե՞ գրավոր.

- եւ վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որեւէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռեւս որքա՞ն ժամանակ պետք է լինի հայի կենսակերպը։

Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ։

Առասպել հինգերորդ. Ադրբեջանը շատ ակտիվ գործելով միջազգային ատյաններում եւ զանգվածային լրատվամիջոցներում, փաստորեն շահել է քարոզչական պատերազմը (որը հաճախ շփոթվում է դիվանագիտական հաղթանակի հետ)։

Միակ առասպելն է, թերեւս, որ ամենեւին հիմքից զուրկ չէ. Հայաստանի եւ Ղարաբաղի համեմատ Ադրբեջանն իսկապես մեծ աղմուկ է բարձրացնում միջազգային ատյաններում ու լրատվամիջոցներում։