Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատճառը, սակայն, պարզից էլ պարզ է ու միանգամայն բնական։ Էլ ի՞նչ էր մնում անելու Ադրբեջանին. նա տանուլ է տվել ռազմական առճակատումը, լիովին կորցրել է վերահսկողությունը Ղարաբաղի վրա, զրկվել է զգալի տարածքներից, ընկել շուրջ հինգ հարյուր հազար փախստականների ծանր ճնշման տակ։ Ադրբեջանի Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ պատասխան պետք է տային իրենց ժողովրդին, եթե ոչ գիշեր-ցերեկ աղմուկ բարձրացնելով ձեւացնել, թե խիզախորեն պայքարում են՝ Ղարաբաղն ու կորցրած տարածքները ետ նվաճելու համար։

Եթե անգամ ճիշտ է այն պնդումը, թե մենք իբր տանուլ ենք տվել քարոզչական պատերազմը, ապա պետք է գնահատել. ո՞րն էր ավելի նախընտրելի՝ պահել Ղարաբաղը եւ կորցնել քարոզչական պատերազմը, թե՞ կորցնել Ղարաբաղը եւ փայլուն հաղթանակ տանել քարոզչության ասպարեզում։ Պատմության մեջ մենք քարոզչական ու բարոյական այնքան հաղթանակներ ենք տարել, որ գուցե մեր քիմքին դա է պատշաճում։ Սա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է անտեսենք քարոզչական գործունեությունը եւ միջոցներ չձեռնարկենք չեզոքացնելու համար ադրբեջանական քարոզչության ազդեցությունը։

Սահմանափակելով առասպելների թվարկումը, այժմ թեթեւակի անդրադառնանք նաեւ մի քանի հանելուկների՝ նրանց լուծումը թողնելով, սակայն, բացառիկ հնարամտության տիրապետող մարդկանց։

Հանելուկ առաջին. Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ միաժամանակ խուսափել պատերազմից (Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրից)։

Ի՞նչ է սա. հանճարի մտքի փայլատակո՞ւմ՝ անմատչելի խեղճ մահկանացուներիս, թե՞ ուղեղի ժամանակավոր մթագնում, որը ամեն մարդու հետ կարող է պատահել։ Կամ գուցե Նախագահ Ալիեւը հանելուկի հեղինակի ականջին ինչ-որ բան է փսփսացել, որ մենք չգիտենք։ Համենայն դեպս, հայ քաղաքական մտքին մի այնպիսի կնճռոտ առեղծված է մատուցվել, որից անգամ Էյնշտեյնը դժվար թե գլուխ հաներ։

Հանելուկ երկրորդ. Հնարավոր է անտեսել միջազգային հանրությանը եւ շարունակել օգնություններ ստանալ նրանից։

Գործի բերումով միջազգային հանրության պատասխանատուների հետ ամենաշատը ես եմ շփվում, բայց երբեւէ նրանցից այդպիսի հավաստիացում չեմ ստացել։ Ընդհակառակը, ամեն քայլափոխում մենք