Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է վերացվի կոմունիստական կուսակցության ապարատի մենիշխանությունը, եւ հաստատվի բազմակուսակցական համակարգ։ Կրկնում եմ՝ կոմունիստական կուսակցության ապարատի եւ ոչ թե կուսակցության, քանի որ իրականում 70 տարի շարունակ իշխել է ոչ թե կուսակցությունը, այլ նրա բռնապետական ապարատը, եւ շարքային կուսակցականների հսկայական քանակը նույնքան իրավազուրկ է եղել, որքան անկուսակցականները։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որտեղ պետք է հաստատվի խոսքի, մամուլի, խղճի լիակատար ազատություն։

Հայաստանը պետք է դառնա Խորհրդային Միության առաջին հանրապետությունը, որի նախագահը պետք է ընտրվի համաժողովրդական ուղղակի քվեարկությամբ։

Միայն ու միայն տվյալ խնդիրների իրականացումից է կախված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցի լուծումը, եւ սերունդները մեզ չեն ների, եթե մենք այսօր կորցնենք այս բախտորոշ հնարավորությունը։ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իր իրավունքի կենսագործմամբ ստեղծել է մի ռեալություն, որի հետ չեն կարող հաշվի չնստել կենտրոնական իշխանությունները, Հայաստանը եւս դեմոկրատական այս նախաձեռնությունների իրագործմամբ պետք է ստեղծի ռեալություն, որի հետ նույնպես չեն կարող հաշվի չնստել կենտրոնական իշխանությունները։ Անհրաժեշտ է թանկ գնահատել ժամանակը, որովհետեւ ազատ գործելու այն առիթը, որը մեզ տրված է այսօր, վաղը գուցե այլեւս չլինի, եւ այն, ինչ մենք կարող ենք նվաճել այսօր, վաղը թերեւս չկարողանանք նվաճել։ Ուստի հարկ է փութալ, թերեւս առանց ավելորդ հապճեպության, առավելագույնս օգտագործելու համար ստեղծված առիթը, քանի որ պատմական փորձը ցույց է տալիս, որ այն, ինչ դեմոկրատիայի բնագավառում նվաճում են ժողովուրդները, որքան էլ հետագայում քաղաքական հանգամանքները փոխվեն, այնուամենայնիվ դա մնում է նրանց անկորուստ սեփականությունը. որքան էլ բրեժնեւյան բռնապետությունը ջանաց արմատախիլ անել խրուշչովյան շրջանում դեմոկրատիայի ձեռք բերած նվաճումները, դա մինչեւ վերջ չհաջողվեց նրան։ Ժամանակը թանկ պետք է գնահատել