հարել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,
- եւ համոզվելով, որ հայ ժողովրդի բնականոն զարգացումն ու նրա ազգային իղձերի իրականացումն ապահովելու համար պահանջվում են կայուն երաշխիքներ, որոնց առկայության դեպքում նրա բախտն այլեւս կախված չէր լինի անցողիկ քաղաքական հանգամանքներից ու հակամարտ ուժերի տեղաբաշխումից՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հաստատում է հանրապետությունում համամարդկային արժեքների, ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված արմատական դեմոկրատական վերափոխումների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ որպես առաջին քայլ հռչակելով հետեւյալ կարեւորագույն միջոցառումների իրականացումը.
1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխման հիման վրա, վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։
2. Հանրապետության Սահմանադրությունից հանվում է կոմունիստական կուսակցության ղեկավար դերին վերաբերող 6-րդ հոդվածը։ Հայաստանում թույլատրվում է տարբեր հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաեւ քաղաքական կուսակցությունների ազատ գործունեությունը։
3. Հանրապետությունում հաստատվում է խոսքի, մամուլի, խղճի լիակատար ազատություն, արվեստի, գրականության եւ հասարակական գիտությունների բնագավառում վերացվում է գրաքննությունը։
4. Բոլոր նախկին քաղբանտարկյալներին եւ քաղաքական նկատառումներով հալածված անձանց շնորհվում է լիակատար արդարացում՝ հատուցելով նրանց կրած վնասները։
5. Հանրապետության ընտրական օրենքում նախատեսվում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի եւ շրջանային ու քաղաքային խորհուրդների նախագահների ուղղակի համաժողովրդական ընտրություն, բացառվում է այդ եւ պետական-կուսակցական այլ պաշտոնների համատեղումը։