Էջ:Ընտրանի.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կար նաեւ հինգերորդ, կարեւորագույն տարրը՝ յուրատեսակ կվինտ-էսենցիան, որ հիմք ու ընդհանուր հայտարար էր բոլորի համար եւ անկախ Հայաստանի առաջին իշխանության երկարակեցության նախապայմաններից մեկը. ի դեմս Հայոց համազգային շարժման՝ Հայաստանի իշխանությունն ուներ հզոր եւ ապահով քաղաքական հենարան։ ԽՍՀՄ (նաեւ Արեւելյան Եւրոպայի) մասշտաբով ամենատեւական, ամենազանգվածային, ամենաարմատական ու ամենակազմակերպված ժողովրդավարական շարժման կազմակերպական կառույցն իր մեջ հսկայական ներուժ էր պարունակում։ Նրանում առարկայացած էին ժողովրդավարական շարժման բոլոր դրական հատկանիշները՝ անաչառություն, անկաշկանդություն, հրապարակայնության ու քննադատության բացարձակ ազատություն։ Մյուս կողմից՝ այն պահպանել ու բյուրեղացրել էր Շարժման՝ ժողովրդավարական, ազատական գաղափարները, սեփական ուժերին ապավինելու, իրատեսության եւ կարեւոր այլ քաղաքական սկզբունքները, որդեգրել պետականության առողջ հիմնադրույթներ, որպես կազմակերպված ուժ ձեռք բերել հստակ քաղաքական բնութագիր։ Դա ապահովեց, որ նրա իշխանությունը լինի բնույթով քաղաքական, հստակ քաղաքական անվամբ ու պատասխանատվության հասցեատերով[1]։ Նույն՝ քաղաքական հատկանիշ ունենալու շնորհիվ էր, որ ՀՀՇ-ն մի կողմից՝ կարողացավ չտրվել կուսակցապետություն ստեղծելու գայթակղությանը, մյուս կողմից՝ միշտ մնաց որպես իշխանության ամենաբծախնդիր վերահսկող, զսպաշապիկ, ըստ էության՝ կառուցողական ընդդիմության դեր ստանձնելով։ Իշխանության տարբեր մարմիններ ու ներկայացուցիչներ ոչ մի ընդդիմության կողմից այնպիսի ազատ, սուր ու հիմնավոր քննադատության չէին ենթարկվում, որքան ՀՀՇ վարչությունում, տեղական կազմակերպություններում, համագումարներում, «Հայք» թերթում։

Այս գլխավոր սյուների եւ քաղաքական պատվանդանի վրա էին խարսխված պետության հիմքերը եւ կառույցը։ Այս օղակների աշխատանքը եւ ջանքերը արդյունավետ էին, միմյանց հետ չէին բախվում, միմյանց չէին խանգարում, քանի որ ագուցվում, համակարգվում, ներդաշնակվում էին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։

  1. Ի տարբերություն քաղաքական առումով ամորֆ հաջորդ իշխանության, որ զուրկ է քաղաքական հատկանիշից, հասարակության համար անհայտ է նրա անունը ու անորոշ՝ պատասխանատվության հասցեատերը։