Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/694

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդիրներն իրատեսական հաշվարկների վրա ձեւակերպելու ունակ առաջնորդի, ղեկավարող ուժի, իրատես քաղաքական մտքի առկայությունը։ Այս դեպքում է, որ համաժողովրդական ջանքերի գործադրմամբ, նպաստավոր պատմական պահից կարելի է քաղել հնարավոր առավելագույն արդյունքը։ Կարելի է քննարկել, թե մեր պատմության երկար դարերի ընթացքում այս պայմաններից երբ որն է բացակայել։ Սակայն վստահ կարելի է ասել, որ 19-րդ դարի վերջին տասնամյակներից սկսած իսպառ բացակայել է երրորդ պայմանը՝ իրատես քաղաքական միտքը (նշանավոր պատմաբան Լեոն այդ շրջանն անվանում է «քաղաքական ռոմանտիզմի շրջան», որ տվյալ դեպքում չափազանց քնքուշ ու ներողամիտ որակում է)։

Հաջողությունների հասնելու համար այս երեք անհրաժեշտ պայմաններն էին, որ միաժամանակ առկա էին մի ամբողջ տասնամյակ՝ 1988-ից ի վեր, ու այդտե՛ղ պետք է փնտրել հաջողությունների գաղտնիքը։ Այդ պայմաններից նորը եւ կարեւորագույնը, այնուամենայնիվ, երրորդն էր՝ սուբյեկտիվը, իրատես քաղաքական մտքի առկայությունը։ Դրանով էր տարբերվում «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն» Շարժման առաջին երեք ամիսների ղեկավարությունից։ Դրա շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ապահովել Շարժման ու պայքարի շարունակականությունը։ Այո՛, իրատես քաղաքական մտքի առկայության պայմանն ապահովելու հատկանիշով է, որ Շարժումը, ապա նրա քաղաքական իշխանությունը հակադրվում էին պատմական անցյալին։ Ուստի եւ դրանում էր, ինչպես ճշգրիտ նկատում է Հանրապետության Նախագահը, առարկայացել նույն այդ տասնամյակի ներքաղաքական գաղափարական պայքարը. «Իսկ դաշնակների հետ մեր գաղափարական տարբերությունն այն էր, որ նոր շարժումը Հայոց պատմության մեջ առաջին անգամ, իրոք, որոշել էր իրատեսորեն նայել իրականությանը. մենք մեզնից ի՞նչ ենք ներկայացնում, ո՞ւմ հետ գործ ունենք, ինչպիսի՞ն են մեր ուժերը եւ ովքե՞ր են մեր հարեւանները» (տե՛ս էջ 299)։

Իրատես քաղաքական մտքի երկարամյա բացակայությունը ու, դրան հակառակ՝ «քաղաքական ռոմանտիզմի» նույնքան երկարամյա գերիշխանությունը, բնականաբար, որոշակիորեն ազդել էին հասարակական պատկերացումների վրա։ Ըստ այդմ՝ քաղաքական գործիչը պետք է միայն ժողովրդի ծանր անցյալից, պատմական իրավունքից ու սեփական հայրենասիրությունից խոսի, հողեր պահանջի, վրեժի, կենաց ու մահվան կռվի, մահապարտ դառնալու կոչ անի։ Եւ ազդել էր այնքան, որ առավելապաշտա