Էջ:Ընտրանի.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջնորդվել բացառապես իրավագիտական նկատառումներով՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր նորանկախ պետության օրենսդրական ավանդույթի վրա։ Նույնքան կարեւոր է նաեւ այն սկզբունքը, որ պետության եւ հասարակության կյանքում պետք է բացառված լինի որեւէ ճգնաժամային իրավիճակ, որը չունի սահմանադրական լուծում» (տե՛ս էջ 417)։ 1995 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, նախապես արժանացած լինելով Գերագույն խորհրդի հավանությանը, ընդունվեց համաժողովրդական հանրաքվեով։ Իշխանությունը պետական գործչի համար այն առարկան է, որը նա ծայրահեղ դեպքերում կարող է նաեւ գրավ դնել, դրանից հրաժարվել՝ եթե իր ճշմարտությունն ապացուցելու կամ իրացնելու համար այլ ելք չի մնում։ Սահմանադրական գործընթացի դեմ հարուցված խոչընդոտները հաղթահարելու եւ երկիրը Սահմանադրությամբ օժտելու համար նա ընդդիմությանն առաջարկում էր երեք տարբերակ՝ երեքում էլ նախատեսելով իր հրաժարականը (տե՛ս էջ 366, 409)։

Հանրապետության Հիմնադիր-նախագահը հիանալի գիտակցում էր, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունները եւ ձեռքբերումները կարող են ժամանակավոր եւ խաբուսիկ լինել, մի օր փլուզվել, եթե հասարակական պատկերացումները պետականության մասին հենվում են սխալ եւ կեղծ արժեքային համակարգի վրա։ Դարեր շարունակ պետականությունից, ուստի եւ իրական քաղաքական պատկերացումներից զուրկ ժողովրդի մեջ պարարտ հող կար այնպիսի հասկացությունների տարածման համար, ինչպես «ազգային միասնություն », «ազգային գաղափարախոսություն», «ազգային համերաշխություն» եւ այլն։ Հավակնելով քաղաքական հասկացությունների դերի, սակայն անորոշ բովանդակությամբ, դրանք միաժամանակ հակադրվում էին պետականության այն ընդունված ու սովորական հիմնադրույթներին, որոնցով առաջնորդվում ու զարգանում է ցանկացած նորմալ, քաղաքակիրթ ու բանական պետություն։

Անշուշտ, երկրի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ կարող էր նաեւ չանդրադառնալ նմանօրինակ «գաղափարական» հարցերի, անգամ երբեմն դրանցից օգտվել՝ հանուն անձնական հեղինակության բարձրացման ու իշխանության պահպանման. «Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները,