ներգրավված հարյուր հազարավոր հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վերամիավորման լուրջ հնարավորություն։
― Ո՞րն է միասնության Ձեր ըմբռնումը։
― Միասնության գաղափարը մեր ժողովրդին հուզող ամենացավոտ խնդիրն է թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում։ Շատ-շատերին անկեղծորեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ երկու տարվա ընթացքում Հայաստանում առաջացել են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք միաբանության հրամայականին ենթարկվելու փոխարեն զբաղված են անիմաստ գաղափարական վեճերով ու փոխադարձ կշտամբանքներով։ Շատ-շատերին էլ անկեղծորեն թվում է, որ բավական է այդ կազմակերպությունները միաձուլվեն կամ համատեղ հռչակագրեր ստորագրեն, ապա միասնությունն ապահովված կլինի։ Միասնությունն իդեալ է, որին ձգտում են բոլոր ժողովուրդները, բայց ոչ մեկին դեռեւս չի հաջողվել հասնել։ Առանց արձանագրելու մարդկային հասարակությանը հատուկ այս իրողությունը, անհնար է բացահայտել նրա էությունը։ Իմ կարծիքով՝ միասնության միակ չափանիշը կարող է լինել հասարակական շահի գիտակցությունը։ Մինչեւ հասարակությունը չկարողանա պարզել այդ չափանիշը, միասնության նրա ըմբռնումը կմնա անիրականանալի։ Երբ գերադասվում են կուսակցական, դասակարգային եւ անձնական շահերը կամ երբ տիրապետում է քաղքենիական մտածողությունը, ապա միասնության մասին ավելորդ է խոսել։
―Ազգայի՞ն, թե՞ դեմոկրատական է մեր Շարժումը։
― Ինձ թվում է, սխալ կլինի մեկ բառով բնորոշել մեր Շարժումը։ Ես կնախընտրեի հետեւյալ բանաձեւը. մեր Շարժումը բովանդակությամբ ազգային է, ձեւով՝ դեմոկրատական։ Ընդ որում, այս հասկացությունները տվյալ դեպքում գտնվում են ոչ թե ստորադասական կապի, այլ փիլիսոփայական փոխկապակցության մեջ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի ինքնին արժեք։ Առանց դեմոկրատիայի ազգայինը կվերածվի ազգայնականի, որն անհարիր է մեր ժողովրդի նկարագրին, իսկ առանց ազգայինի՝ դեմոկրատիան կվերածվի կոսմոպոլիտիզմի, որից ավելի մեծ չարիք դժվար է պատկերացնել մեր ժողովրդի համար։
― Ձեր դերը անկախ Հայաստանի կյանքում։