Մինչդեռ որոշակի նշանակության իրավական հիմքի մասին այսօր, թերեւս, կարելի էր խոսել, եթե Հայաստանի ու Ղարաբաղի «հայրենասեր» ու «հաղթողական» գործիչները ժամանակին, դրանից մեկ տարի առաջ՝ 1990 թ. սեպտեմբերին անսային Լեւոն Տեր֊Պետրոսյանի խոսքին, ընդունեին նրա ներկայացրած պարզ ու իրագործելի ծրագիրը, որի շնորհիվ մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղն իր անկախության հռչակագիրն ընդունելիս եւ հանրաքվեն կայացնելիս կունենար նույն ԽՍՀՄ օրենքներով ճանաչված մարզային իշխանության օրինական մարմիններ։ Նրանց այդ «հերոսացման» պատճառով է, որ իրավական սույն փաստարկն այժմ անուժ է, քարոզչական բնագավառում անգամ՝ թույլ, ավելի լուրջ տեղերում՝ ժպտահարույց։ Համապատասխան փաստաթուղթն այս ժողովածուում հրապարակվում է առաջին անգամ (տե՛ս սույն ժողովածուն, էջ 113―122)։ [1]
Վերջին 7֊8 տարիների իրողությունների համատեքստում հասարակական գիտակցության մեջ ակամա համեմատության հիմքի վրա վերանայման ու վերարժեւորման գործընթացներ են տեղի ունեցել ամենատարբեր տեսանկյուններով։ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահն այն ղեկավարն է, որն իր գործունեության ողջ ընթացքում բոլորի համար առավելագույնս բացել է ղեկավարի իր աշխատանոցի մանրամասները։ «Ժողովրդի հետ կապի» տակ նա հասկանում էր ոչ թե ցուցադրական ու հաճախադեպ այցերն ու թատերականացված «կենդանի հանդիպումները», այլ, առաջին հերթին, հրապարակավ՝ հոդվածների, հարցազրույցների, ելույթների տեսքով նրան տեղյակ էր պահում երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրներին, իր քայլերին ու ծրագրերին։ Սույն ժողովածուն կօգնի ընթերցողին հիմնական գծերով վերականգնել այդ պատկերը եւ վերապրել այդ կապը։
Ժամանակին, հայտնի հանգամանքների պայմաններում ու հասկանալի պատճառներով, Լեւոն Տեր֊Պետրոսյանը երկու հիմնական լսարան ուներ. առաջին՝ արդեն կողմնորոշված հավատացողների, երկրորդ՝ կանխակալ չհավատացողների ու չընդունողների։ Ավելի պակաս էր երրորդ՝ ուշադիր
- ↑ Մեծ ուշացումով, էական կորուստներից հետո միայն, Լեռնային Ղարաբաղում հասկացան այս ծրագրի արդյունավետությունը եւ 1991 թ. Մայիսի 16֊ին հանդես եկան համապատասխան հայտարարությամբ, իսկ ՀՀ Գերագույն խորհուրդը հուլիսի 16֊ի որոշմամբ պաշտպանեց այն, սակայն վերականգնել կորսվածը այլեւս հնարավոր չեղավ։