Մենք ժողովրդին կոչ ենք անում շահագրգիռ վերաբերմունք ցույց տալ ընտրարշավին, մերժել իրենց արատավորած պաշտոնյաների, զանազան պատեհապաշտ մարդկանց, անպատասխանատու, արկածախնդրության հակված, դեմոկրատիայի անունից խոսող, բայց դեմոկրատիայի սկզբունքները ոտնահարող գործիչների թեկնածությունները»։ Թվում է, թե ասված է ամեն ինչ, բայց իրականում անտեսված է ամենակարեւորը. երեսփոխանի հիմնական արժանիքը պետք է լինի քաղաքական գործչի անկախ դիրքորոշումը։ Եւ անտեսված է բոլորովին ոչ պատահաբար, քանի որ նոմենկլատուրային մտավորականությանը պակասում է հենց այդ հատկանիշը։ Ամբոխավարական հմտություն ունենալու դեպքում հայտարարության հեղինակները չէին մոռանա նշել նաեւ այդ հատկանիշը, բայց միեւնույն է, դրանից նոմենկլատուրային մտավորականության էությունը, այն է՝ կախվածությունը, չէր փոխվի։
Ինչեւէ, մեր անվանի մտավորականները հերթական անգամ կատարել են պաշտոնական իշխանությունների պատվերը, եւ հերթական անգամ շքանշանները չեն ուշանա։ Սակայն ժամանակն է արդեն հասկանալու, որ իրական շքանշանները շնորհվում են ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի կողմից։
Ինչ վերաբերում է «ազգային համաձայնության» ծրագրին, ապա այն կարող է գոյանալ ոչ թե հայության բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների խորհրդաժողովներով, այլ Հայաստանի եւ Սփյուռքի ռեալ քաղաքական ուժերի համագործակցությամբ։ Մեր ժողովրդի ճիշտ կողմնորոշման դեպքում այդպիսի համաձայնության իրական հիմք կարող է լինել իսկապես ազգային-ժողովրդավարական խորհրդարանի ստեղծումը։
- «Հայք», 6 մայիսի, 1990 թ.։
- ՀՀԱՆԱ, 28/06.05.90։ Բնագիր։ Ինքնագիր։
- «Հայք», 6 մայիսի, 1990 թ.։