թյան պատրաստակամությունը, որը, դժբախտաբար, համարյա միշտ բացակայել է, եւ երկրորդ, որ ավելի կարեւոր է, Արցախի օրինական իշխանությունների գործելու կարողությունը, որը եղել է բոլոր նշված նվաճումների ձեռքբերման հիմնական գործոնը։ Ընդ որում, օրինական իշխանություններ ասելով, պետք է հասկանալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր մարմինը կամ կուսակցության մարզային կոմիտեն, այլեւ արցախահայության ստեղծած ոչ պաշտոնական հասարակական կազմակերպությունները՝ «Կռունկ» կոմիտեն, Տնօրենների խորհուրդը, Հայոց համազգային շարժման տեղական ցանցը, «Ամարաս» բարեգործական միությունը եւ, վերջապես, Ազգային խորհուրդը, որոնք, լրացնելով իրար, դժվարին պայմաններում կարողացան իրականացնել երկրամասի առջեւ ծառացած գործնական խնդիրների լուծման պատասխանատու գործը։
Զգալով, որ, չնայած 1989թ. նոյեմբերի 28-ին ուժի ցուցադրման շնորհիվ ձեռքբերած քաղաքական հաղթանակին, իրադարձությունների խաղաղ զարգացման դեպքում, միեւնույն է, Արցախի եւ Հայաստանի վերամիավորումը կարող է դառնալ անխուսափելի իրականություն, ադրբեջանական կողմը հարկադրաբար դիմեց լայնածավալ բռնի գործողությունների՝ Արցախի խնդրում արմատական բեկում մտցնելու նպատակով։ Տեղի ունեցան խորհրդաիրանական սահմանների զանգվածային խախտումները, Բաքվի արյունալի ջարդերը, իշխանության տապալման փորձերը, որոնց արդյունքը եղավ Ադրբեջանի գրավումը խորհրդային բանակի կողմից[1]։ Ճիշտ է՝ ադրբեջանցիներն այդ գործողությունների հետեւանքով տվին հարյուրավոր զոհեր, ջախջախվեց Ադրբեջանի Ժողովրդական ճակատը, սակայն բոլորի համար պարզ դարձավ, որ դրա դիմաց նրանք պետք է ստանան որոշ քաղաքական հատուցում, այն էլ, ինչպես միշտ՝ հայերի հաշվին։ 1990թ. հունվարի 15-ին Արցախում հայտարարված արտակարգ դրությունը եւ մարզի օրինական իշխանությունների վերացումը եղան այդ ծանրակշիռ հատուցումը։
Տվյալ պահից Արցախը թեւակոխեց իր նորագույն պատմության ամենադժնդակ ժամանակաշրջաններից մեկը։ Մարզում հաստատվեց բացարձակ ռազմական իշխանություն՝ գործնականորեն անսահմանա
- ↑ «Զգալով, որ․․․ խորհրդային բանակի կողմից» հատվածը չկա տպագրում, վերականգնում ենք ըստ ձեռագրի։