Էջ:Ընտրանի.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ԱՐՑԱԽՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

(1 հուլիսի, 1990 թ.)

Հակառակ Կենտրոնի եւ ադրբեջանական իշխանությունների վարած ահաբեկչական քաղաքականությանը, դաժան շրջափակումներին ու բիրտ ուժի գործադրման հաճախակի փորձերին՝ արցախահայությունը երկարատեւ հերոսական պայքարի եւ մեր ողջ ժողովրդի ծանրակշիռ աջակցության շնորհիվ անցյալ տարվա վերջերին ըստ էության հասավ իր բաղձալի նպատակին՝ Արցախի փաստացի անկախությանը, որի քաղաքական մարմնավորումը հանդիսացավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի վերամիավորման մասին։ Խզվեցին բոլոր տեսակի վարչական, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ, նկատելիորեն խորացավ Հայաստանի եւ Արցախի համապատասխան վարչատնտեսական ու մշակութային կառուցվածքների միաձուլման գործընթացը, Արցախի նյութամատակարարման եւ դրամաբաշխման (ֆինանսավորման) գործը լիովին անջատվեց Ադրբեջանից ու դրվեց Կենտրոնի ու Հայաստանի վրա, Լեռնային Ղարաբաղը որպես տնտեսական ինքնուրույն միավոր մտավ ԽՍՀՄ տնտեսական զարգացման 1990թ. պետական պլանի մեջ, Ադրբեջանն իսպառ զրկվեց Արցախի կադրային հարցերին միջամտելու հնարավորությունից։

Հասկանալի է, որ այս նվաճումների խորացումը, թեկուզեւ առանց քաղաքական նոր քայլերի, այլ միայն Խորհրդային Միության գործող օրենքների հմուտ կիրառմամբ, անխուսափելիորեն պետք է հանգեցներ Արցախի եւ Հայաստանի փաստացի վերամիավորմանը։ Դրա համար անհրաժեշտ էր միայն երկու պայման. Նախ՝ Հայաստանի ղեկավարու