լմնցած է բանը կըսենք, իր ընտանիքին մեկ հատն էր. երեք էին անոնք, մեկը որին փախցուր, մյուսը անժամանակ թռիչք մը փորձեց ու մեռավ. այն վերջինն ալ, բայց իրավ որ շատ բարի մնացորդ մը այն վերջինը, ժամուն գիժ տերտերի ձեռքովը լմնցավ. գութ ըրեք, տե՜ր. գութ ըրեք, մենք պզտիկ ճնճղուկներ կհավտանք, թե բարին աստված մեզի ալ կխորհի:
— Շատ լավ, շատ ճշմարիտ, ուզածնի՞դ սակայն։
— Ինչ որ դուն կուզես, տե՛ր։
— Տերտերին ձե՞ռքը կտրեի. հրաման մը շանթերուն ու կրլլար այդպես:
— Չէ՛, չենք ուզեր այդպես:
— Աչքե՞րը կուրցնեմ, հրաման մը արծիվներուն ու կըլլար այդպես անոր կոպիճներն անգամ փորել տայի, զույգ մը մութ ծակի վերածեի, ուր ալ միայն մամուները բնակեին։
— Ան ատեն ավելի գեշ, տե՛ր։
— Ի՛նչպես:
— Կույր մը, որ չի տեսներ, կրնա ըլլալ, որ ոտքին տակ ուրիշ կյանքեր, ուրիշ թանկություններ ալ տրորե, վերջն ալ ի՞նչ ըսել անոր. կույր մը շատ աժան կարդարանա։
— Ըսել է դուք ձեր մտքինը ունեք. օ՛ն ուրեմն։
— Շնորհք, տե՛ր, շնորհք հիմա աղաչելու քեզի, որ անմիջական հրաման մը խրկես գեղին սափրիչին, որ այն անբարո տերտերին մորուքն ածիլեր։
— Ըսե, ինչո՞ւ այդպես։
— Մենք որովհետև մինչև հիմա աշխարհիկ մարդուն ներկայությունեն միայն կասկածներ ընելով կփախեինք անոր հենց հոտը առած հեռվեն, ծոցը խաչ կրող կրոնավորե մը ինչպես չարիք սպասել, արդ՝ քանի որ հիմա խաբվածներ եղանք մենք անոր մորուքին կամ դրսերևույթին պատճառովը, մենք ահա անոր այս ծպտանքին մերկացումն է, որ կուզենք քեզնե։ Այս տեսակ պատիժ մը ասկե վերջ անգամ մըն ալ պիտի նորոգեր մեր մեջ այն հավատքը թե՝ տերտեր մը, աստծու մարդը, միշտ այն բարի ու սուրբ մարդն է, որ ոտքին տակ եկած մրջյունն ալ չպիտի ուզե տրորել: Մեր խնդիրը այսչափ միայն։
Բարին աստված կլսե ճնճղուկներուն, իրավունք կուտա անոնց, ու անմիջապես հրաման մը իրենց իսկ ուզածին պես, որ սափրիչը իր գործը կատարե, ու ճնճղուկները անկե վերջ այն մեկը անմորուք