Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու անփակեղ աշխարհական մը ճանչընալով, անոր հանդիպելուն, վայրկենապես ինքզինքնին ժողվռտեն ու թևերնուն վրա գտնվին:

Ասոր վրա անոնք երկինքեն երկիր զվարթ ճռվողյուններով հպարտ վայրէջք մը կընեն, ու կխորհին, թե իրենց արևին ու բարիին համար ալ բարեգութ աստված մը կա երկինքը։ Երջանի՜կ ճնճղուկներ։

Ու կըսեն, այս դեպքեն ի վեր մարդիկ ալ շատ անգամ այն կրոնականներուն վրա ըրին պահեցին կասկածնին, ու գտան թե անմազ, լերկ փինջ մը ունին, ու գլխնուն վրա ալ ծպտանքը ամբողջացնող կասկածելի փակեղը կցուցադրեն։ Բայց մենք ալ ի՞նչ պիտի ըսեինք։ Վա՜յ այն ճնճղուկներուն, վա՜յ հեք, միամիտ ժողովուրդին մանավանդ, որ անանկներուն շուրջը կթռչկոտե, ու անոնց դուրսի կեղևանքովը ապահովված կմնա։

1908

ԱՄԱՌԻՆ ԱՐՄԱՂԱՆԸ

Հեռուն-հեռուն եզերքներե կուգամ, կըսե Պարիկը, հով կանանչ լեռներեն կուգամ, կարմիր կանանչ բլուրներու կողքերեն կուգամ։ Աս տարի կանուխ սկսա ճամփորդել, աս ամառը շատ մը, շատ մը անկոխ, անմատչելի ամայություններե անցա, շատ դժվարություններ քաշեցի, սեպ, սեգ բարձրությունները լափելու հանդգնությունովը բաբախեց սիրտս շատ անգամ, ու հաճախ գահավեժ ափափաներու կառչած պահ մը միայն ան կետերուն վրա կընեի դադար մը վայրկենային, ուր վայրի կաքավն ու քարայծն ալ չեն իշխած ոտք դնել։

Ու բոլոր ատենը միշտ ընկեր մը, անձնվեր մտերիմ ուղեկից մը պահեցի հետո։ Առտվան լույսերով, ոսկի մեղուներու հետ ճամփորդեցի միջօրեի հեղձ տաքերուն, ձորամեջի մենիկ, բյուրեղիկ առվակն եղավ առաջքս, աջ-ձախս։ Իրիկվնե սկսած ու գիշերը բոլոր պուրակներուն անուշիկ շահապը՝ սոխակը ունեցա առաջնորդ, անոր ձայնն օրինակեցի, անոր թևերը հագա, որ արագ ու համարձակ սավառնումով մը ուղած կողմերս թև բանամ, ու հաջողած՝ թանկագին բեռով մը դառնամ։

Գացի, գտա, ժողվեցի։ Հունձք մը՝ շա՛տ արդյունավոր, շատ հաջող, շատ հարմար ի՛մ նպատակիս: Աս տարին հերվանեն ալ գեղեցիկ,