տեղը աղ կցաներ հորը արտերը։ Ցավուն տարին մեռավ էրիկս, ու ալ չուզեցի, որ ուրիշ անկողնի մը վերոքը գոտի քակեմ, ճակատագրիս սոսկանքը ոսկորներուս ազդած էր։ Լքված այրի մ’եմ տարիներե ի վեր, տրտունջ չեմ ըներ ու բնավ չպիտի ընեմ, վախենալով թե՝ այնպես՝ ծնողքս կցավցնեմ. հիմա նույն հորս տունը իմ պատսպարանը կմնա, ուսկե այնպես կերևա թե՝ զիս մահը պիտի կրնա զատել։ Ու այս վիճակիս մեջ ես սիրով կհամբերեմ, մանավանդ թե ա՛լ ճերմակ պառավ մը եղած եմ։
Պարիկը.— Քեզի ալ կհամակրիմ միայն, աղջիկս, բայց դուն ալ չես իմ փնտռածս։
Քաղքենուհի մը.— Մենք երեք ներեր, ես պզտիկն եմ անոնց, ու մեծ մեծ տերտերու բույն եղած է հոգիս։ Ներվտիքս ամեն պատեհություն ձեռքերնին ըսին՝ ու միշտ կըսեն ինծի համար թե՝ տունին փեսային դեմ խնտկոտ աչքերով կերևնամ։ Պարկեշտությունս կասկածի տակ ձգեցին ու դեռ կաշխատին, որ էրիկես զատեն զիս դուրս չորս հովերուն հանձնելով, բայց աստված ալ գիտե թե անմեղ մ’եմ։ Սատանան այն մեծ ներըս է, որ աս աչքերովս տեսեր եմ թե՝ կերակուր ուտելու պահուն իմ գլխավորիս գործածած գդալը կփնտռե միշտ, անոր անձեռոցովը կսրբվի, ճամփուն մեջ անոր կոխած տեղը կկոխե, ու ասի շատ բան կնշանակե, որ չեմ կրնար խոստովանիլ։ Աս ցավս և ուրիշներ որ ասկե ավելին են, ուրիշներու ամենևին չեմ ուզած պատմել։ Որո՞ւ պատմեի, ի՛նչ ըսեի, վերջն ի՛նչ սպասեի, ո՛վ պիտի հավտար, երբ ըսեի թե՝ մեծ շուտիկ մըն ալ ան կեսրայրս եղած է, որ գիշերը կես եղած չեղած անկողինիս քովերը կբունբունա ըսելով, թե կորսված լուցկիին տուփը կամ ջրամանն է, որ կփնտռե։ Ու այս գիշերացած սատանան, ան ատեն, որ էրիկս իր արհեստին ստիպողությունովը տունեն օրերով հեռացած կըլլա։ Թող եթե չէին հավատար, ան դուռ դրացիները վկայեին, թե ինչպես է բանը ու ես ի՛նչ համբերող առաքինությունով տարեր եմ ու կտանիմ ճակատագրիս աս թուքումուր դառնությունները։
Պարիկը.— Կհավատամ ըսածներուդ, քուրիկս, բայց դուն ալ չես փնտռածս։
Ուրիշ քաղքենուհի մը.— Ցավուն տարին, մերինին կենճ-կենճ ափուչիք ըլլելե հետո, հինգ-վեց տարիներու ամուսնացած մըն էի, չորս-հինգ պզտիկներ կճվային փեշերուս տակ, անոնց օրական հացին հոգը մինչև քիթիս ծայրը կարմիր կսկծանքներ կշիներ, Որո՞ւ աղաչեի գեթ գարեհաց մը ձեռք ձգելու հույսով։ Ազգականներ՝