Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզի՝ որ պիտի լսես, տերտերուս ամբողջ տեսակները բանամ։ Անտեր որբ մըն էի երբեմն, տասներեք տասնչորս տարեկան կայի չիկայի, երբ մորաքույրս՝ անոր խնամքին հանձնված՝ զիս իր կռնակին էվելի բեռը՝ դեն նետելու համար, ան մեկուն ամուսնացուց, որ բերանը ակռա չունեցող ծեր մ’էր պարզապես։ Վրայես գիշերները ինչպես կանցնեին, չէի գիտեր, ցորեկի քաշանքներուս ալ վկան ու արգահատողը դրացիները կըլլային։ Գոնե ան մեկը հարուստ հացվոր մը ըլլար, որ կուշտ հաց մը ծամեի, քուրջի կտոր մը, որ մերկություն ծածկեր, չուներ, չի տվավ, չի ցցուց բան մը, որով տարիին մեջ օր մը գոնե երեսս խնդար, պարապ, բոլորովին անհիմ կասկածներու հետևանքով գլուխիս կոտրտած թակերուն թիվն ալ չեմ կրնար ըսել։ Զալըմ մարդ մը, որուն պես գեղին մեջ ա՛լ չի կար ուրիշ մը։ Կարճ խոսեի՝ մեռավ վերջապես, ու սակայն անկե ի վեր զիս ամեն օր բզքտողը անոր գիժ աղջիկը եղած է, որ պաղերես ու օձի արյունով մեծցած տնմնա մըն է, իմ գրողս, իմ մահս, զիս մեռցնող գլխիցավը ամեն օր, որուն ես փոխարեն չարիք ընելու խորհուրդն անգամ միտքես չեմ անցուցած, աստծու դատաստանին ապավիներ եմ, ու կսպասեմ, որ ես ալ աս ճակատագրովս հող գերեզման իջնամ։

Պարիկը․— Կցավիմ վիճակիդ, աղջի՛կս, բայց դուն չես իմ փնտռածս։

Ուրիշ գեղջկուհի մը.– Կյանքիս մեջ, քուրի՛կ, միայն մեկ զատիկի առավոտ մ’եմ խնդացեր։ Դեռ աղջիկ, դեռ հորս տունը, իմ տունս, զատկի առտու մը կարմիր խնձոր մը առի դրացիի տղայեն, որ ետևս առջևս դառնալով բաներ մը կըսեր, ես նախ չէի հասկանար, բայց հասկցա վերջապես, խոսք տվի, որ հակառակ պարագային առևանգելու կերպ մը դյուրացնե։ Ծնողքս չէին ուզեր, որ ես սեր տայի անոր, բայց ես ա՛լ սիրեր էի անգամ մը, բողկի պես թարմ, ժիր ճահիլ մ’էր, որ հարիրներու մեջ հատ մը կհամրվեր։ Սիրեր էի, աշխարհքն աչքիս սև սիսեռ կերևար։

Բայց ո՛վ հոգիիս հրայրքեն ու այրուցքներեն հասկնար, շատ չանցած զատեցին զիս անկե ինտոր միսն եղունկեն կզատեն։ Առջևս, ոտքերուս տակ, ու ամեն կողմերս փուշ ու տատասկ դիզեցին, ծակին մեջ մուկ մը արգիլեցին, որ զիան չընե։

Վերջը-վերջը գյուղապետին տղան եղավ ամուսինս, հիմար մը այնպես, ան աստիճան, որ չեմ կրնար ըսել։ Հավարած մը, կովարած մը, խենթ մը, որ աղի հունձք մը ընելու հիմարությունով, ցորենին