Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը տեղի խոտերը կհնձե։ Հոս Կուլիկին իր ալ ախորժակը շատ պահանջ կիմացնե իրեն, ու պահ մը կհամաձայնի ինքնիրեն հետ, որ վայրի բանջար ծամե հացին վերջին փշուրեն ետքը, բայց սա բամպակին համար ինչ կրնար ողջն ձևել. ինչո՞ւ Մըյրի տանը ճախրակը չտվավ։

Խեղճ որբուկին համար հոգ ընող շնչավորը ով պիտի ըլլա. գետնեն պիտի բուսնի այն թե երկինքեն սպասե։ Ոտքերուն տակը ոսկի բզեզներ, մեղուներ, գլխուն վերևը՝ չիլ ճնճղուկներն ու կարմրալանջը իրավ որ հարսնիքի երգեր կպոռացնեն, և որոնք իրեն կարծես ճախրակի մելամաղձոտ ճռինչներ ալ լսեցնելու զգայություն մը կբերեն․ մտիկ կընե, կհուզվի, կուլա, որի՞ ինչ փույթ. օր մը այդ ապուշ փետրավորներուն կարավանները այսպես ու այսչափ զվարթ՝ ճագարի դժբախտ ընկեցիկին վրայեն ալ անցան, ու սակայն կարեկցողի արցունք մը՝ պուտ մը գոնե չկաթեցուցին գլխուն։

Լքված աղջկան ճակատագիրը այս աստիճան շփոթ ու անայլայլ՝ կրանիթի մը չափ պինդ կերևի ըլլալ։ Գլուխը ան հողկուռ փուլին վրա ու օրհասի հուսահատ խրումով՝ անգամ մըն ալ կմրմընջե.— «Ինչպես անիմ, ինչպես մանիմ, ինչպես կարծեմ, իրիկունը Մըյրեն զիս անոթի ծարավ՝ հավբունին մեջ կթաղե»։


Բաղամի իշուկեն առաջ թե վերջը, կով չորքոտանիին խոսիլն ալ լսվա՞ծ էր.— «Մի՛ լար, հեգ աղջիկ, մի՛ հուսահատիր, ոտքի ել, բամպակը բերանս տուր, ու պահե մը վերջ առաջքս անցիր որ՝ քթիս ծակտիքներեն մանված թել կարծես»։

Աղջիկը անհունապես շլմորած ու ցնցահույզ ոստումով դեպի կովը կխոյանա, կշոյե, կհամբուրե. խոսքով չեն բացատրվիր իր հոգիեն անցածները։ Քիչ վերջը ահա իրավ ալ նոր լիսեռի մը վրայեն ժողվածի պես գունդ մը թել կկծկե թևերուն վրա։— «Սերկելի Շմես, հոգիս, կհարցնե Կուլիկ, բամպակը մանած եղավ, բարի՛, հիմա ալ ըսեիր, թե ինչպես մինչև իրիկուն կորեկ հացով մը պիտի ապրիմ»։— «Ան ատեն ալ, աղջի՛կ, բերանդ մեկ եղջյուրիս վրա, ուզածիդ չափ մեղր կթե»։

Որբին աղոնը աստված կաղա վերջապես. կփոխվի այս վայրկյանեն աղջկա բախտը, ինչ որ օր մը չէր սպասվեր. ամբողջ գարունը ու ամառը բարի Շմեին եղովն ու մեղրովը հափրացած՝ կգիրնա հետզհետե, ու առջվան կմախք աղջիկը կլորիկ լորամարգիի մը նման աղվոր ձևերը կերևցնե երեսներուն ու ամբողջ մարմինին վրա։