Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մըյրեն զայրույթեն մորթին վրա սպի կթավե, գաղտնիք մը հասկնալու շատ ալ փորձեր կընե, բայց բան չի կրնար հոտվըտալ։ Հիմա իր բուն բուտը որսի նիհար շուն մը կլմանի։

Աշունի նոսրկեկ արևով օր մը այս փետրփոխ եղած վառյակը՝ Կուլիկը, նորեն դաշտ կերթա, այս անգամ ինքն իր ստվերին հետ մինակ կքալե ու ինքնիրենը անուշ հովվերգության մը միամիտ սույլերը կպիսմակավորե գլխին վերևը հալող ծիրանի ամպերուն տակ․

Գարնա վրա սիրտս ընկեր էր կուման,
Դառնամ էտիս հայիմ, լեռները տուման,
Մորճիկ մըլ բուսցեր էր աղջկան նման։
Մորճիկը կըյրեցին, կթոց շինեցին,
Կթոցն ի էգին, խավող լեցուցին,
Խավողն ի կարաս գինի շինեցին։
Էլի՛ր, էլի՛ր, քո քնուն, յաման,
Գինուն կարմիրը սիրե, խուրպան,
Աշխընին թուխը սիրե, խուրպան…

Հեռուն, հեռուն, նոր եզերք մը հասած՝ Կուլիկ ձմռան փակցանքի համար չոր բողկեկ ու տոշկուկ կժողվե, կծարվընա հոս, ու մոտի առվակին կողմը շիտկվելով, ջուր խմելու փորձ մը կընե. բայց ի՞նչ առվակ, ի՞նչ ջուր, կաթիլ մըն ալ չկա։ Այս ցամքած առուին կանանչ եզերքին վրա ճիշտ՝ աղջիկ ինքզինք նորանշան դեմքի մը առաջքը կգտնե։ Արթուն, սակայն խառնակ, ահաբեկող երազի մը սարսուռովը աչքերը կոպիճներեն դուրս կպոռթկան։ Առաջին տպավորությունով մը անիկա ստվեր մը ըմբռնելե ետքը, բուն մարմինը կփնտռե, բուն իսկ մարմինն ալ ահա,— մարդ է եղեր։

Մարդ է եղեր, հին մրճոտ պառավ մը, այն չափ չոր ու ոսկրցած, որ կխորհիս թե՝ լուցկիի մը ծայրովը չոր խռիվի մը պես պիտի բռնկի։

Վերեն վար քայքայված է, ու եթե արևը աչքերուն ալ բռնվի, չպիտի խտղըտի։ Առաջին տպավորությամբ մը, ո՛վ որ ալ ըլլա, պիտի մտածե անկասկած, թե այդ ծեր կնկան երեսին միսը, օր մը, երկաթ սանտրով խորունկ մը արորվելե ետքը, այն վիճակին մեջ հանկարծ քարացած ըլլալու սոսկալի դիմագիծը ստեղծեր է, որուն եթե մարդ գիշերը հանդիպի, վախեն ոտքին կաշին ալ ետևը մոռնալով ինքզինք ջրհոր մը պիտի նետե։