Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փռնչումներուն, որ կհասկցվեր թե՝ ձեր պղնձի լայն կուրծքերեն դուրս կուտայիք։ Բայց ալ ատոնց ատենը չէր հիմա, ձմեռ է, քրտինքնիդ սրբեցեք կամաց մը ու առլի, գոհունակ շունչ մը քաշեցէք, քով քովի տաքուկ տումին բոլորտիքը շարված։

Տունդարձ, դեպի ներստանքը, տարվան աստծուն արևն ու անձրևները ձեզի աղվոր, առատ բարիքներ ընձեռեցին, անոնցմե ձեր դուռները աշխատող մշակներուն իրենց բաժինները տվեք, անցորդին ու աղքատին տվեք, գեղերեցին ու ժամուն տվեք, կայսերինը կայսեր, աստծունն ալ սա որբ լամուկներուն հանձնեցեք, որ ուղղակի տեղ տանին հասցնեն։

Ու դեռ պիտի ըսեմ, ափ մը բան ալ ցվքին եզերքները կծկտուլ ճնճղուկներուն առաջքը նետեցեք, անոնք ալ մեղք էին, «Ոչ կվարեն, ոչ կցանեն, ոչ ալ կալսել գիտեն»։ Ձեզի պես մտմտուք ալ չունին, երբ անոթնան, ցվքին ավազահատերը կկրկտեն։ Դուք քիչ մըն ալ այն ճնճղուկներուն տվեք։

Նե՛րս եկեք, խծկեցեք ձեր բրշակին հովանց ծակտիքը, դուռը միշտ փակ պահեցեք, որ հավն ու հավձագը ներս չի վազեն։ Պառավն արդեն շատ էր անոնց համար։

Գինիին կթղան, կրտիկը առջևնիդ առեք, քիչ մըն ալ զվարթ կատակները դրեք մեջտեղ։ Ըսեր թե՝ ինչպես օր մը, մեծ արական մը անցավ դիմացի Չելեմլիկի լեռնեն, ուր պահ մը ետքը ջուր տարափ մը սկսավ իջնել, հեղեղ մը փրթավ, Կարմրցոց էգիները ավրվեցան։ Խենթի մը ըրածը ատ ատեն, չէ՞իք հիշեր, որ դեղին ջոջերեն մեկը, Պիպի Հարոն, ինչպես հիմար վարանքի մը մեջ, գլխուն գտակը նետեց հոսանքին առջև, որ ընթացքը ծռե իր էգիին քովերեն գոնե հեռու անցնի, քիչ վերջը սակայն ինքն ալ, տղան ալ ու վարերը արծող իր ճեյրան եզներն ալ ջուրին երեսը՝ վերի թռչուններուն թև փետուր կաղաղակեին։

Ինքը՝ Պիպին ազատվեցավ թեև, բայց այդ դեպքեն վերջը, երբ իրեն պատահել անջուր առուե մ’իսկ անցնիլ ալքը պիտի կապեին։

Ատեն կանցնի, գեղին ստահակ տղաքը, երբ Պիպի Հարոն տեսնեին, որ տեղ մը կեցած է առանձին կամ երկու երեքներու հետ, ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր կպոռային, զոր լսելու ատենը, Պիպին ոտվներուն բութ մատներուն վրա՝ Թութիկան կհասներ: Դուք ուրիշ մը չպիտի՞ կրնայիք ըսել։

Դեպի ներս, թոնիրին բոլորտիքը ու տախտերուն վրա, ձեզի