Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ չկար ըսելիք, խոսելիք։ Դաշտին ամեն մեկ կետը ձեզի համար պատմություն մըն է։ Հոն օր մը ձեր սիրած աղջկան ճամփուն նայած եք, որ չի դառնար, ուրիշ օր մը, բարևի խնձոր մը ղրկեցիք ու մերժում լսեցիք։ Կարոն այն փուլին վրայեն առևանգեց, փախցուց իր անուշ Նունուն։

Ա՛լ ձմեռ է, նե՛րս, դեպի նե՛րս, ու գինին առատ, ամբարները լիք, ձեզի կսպասեն, ձեզի համար են անոնք, ձեր հալալ վաստակին դուք եք տերը: Ալ ի՞նչ ունեիք մտմտալիք։ Միայն, ինչ որ պիտի խնդրեի ձեզմե, ձմեռը, սա մեր ծռուկ Ասատուրին կռնակն ալ իրեն պես ծռուկ, ճմռթկուկ բարձ մը՝ կնկուկ մը գտնեիք տայիք։

ԿՆԱՄԱ՞ՐՏ ԹԵ ՑԼԱՄԱՐՏ
Արամ Անտոնյանին

Ի՛նչ գլուխը լար, ալ կրնա՞ր քաշել, ո՞ր մեկս կրնայինք, բաց գերեզմանն էր փնտռածը, աստված երեսին հայնցավ ու նորեն բաց դռնակ մը ցցուց առջևը։

Գեղը լեցնող մեծ դեպքի մը շուրջը դարձած ասուլիսներեն ծիվ մը բան, որ հիմա աղբյուրին հարսներուն ծրարվուկ բերվըներեն երկնցած կերթա, հեղ մըն ալ ան ժամուն ճամփուն վրայի տռտռան մամիկներուն ժոռոտ ակռաներուն վրա կհանկուրցվի։

Չի լսված բան, չի տեսնված բան, որուն ենթական գիտնալ, որ խեցիի կտոր մը չէ ամենևին, շան լակոտ մըն ալ չէ։

***

Տարի մը միայն նշանված կմնար ան աղջիկը, անկե վերջ, Տեբոյենց հարսն էր։ Հիշողներ կային, որ հարսանիքին օրը, սանամայրը եղած էր ըսող մը թե՝ «սև հարսը խժիկ կերած պիտի ըլլեր աղջկնության ատենը»։ Իրավ ալ, դեկտեմբերի ճերմակ առավոտ մը, դուրսը անանկ չոր, կծու հով մը կար, որ պսակեն դարձող ան քանի մը տարեց հարսնևորներու փեսամանտիքը պզտիկ-պզտիկ, եթե գինիի ծով մըն ալ երթային ցամքեցնեին, տեղերնին, նորեն, ապահովաբար, չպիտի կրնային տաքնալ։ Անոնց դեպի հարսնետուն