Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը։ Ան չէ՞ ատ հարսը, որ էրիկը հողը դնելու երկրորդ առտուն, ձեռքը հինա դրած է եղեր, մյուս օրն ալ տղային մեկուն հետ զույգ մը արծաթ ապռճան ապսպրեր է քաղաքը: Շուշան ան երես ելած հարսներեն, որոնց տեսակը ծանոթ թվականե մը շաբաթ մը վերջը անմիջապես սա նոր գեղին ու ան հիներուն մեջ ալ սունկի պես բուսած։ Շուշանը բոզ մըն է:

Աստուրին կինը լսած էր այս բոլորը ու վերջին մեկ-երկու ամսվան մեջ մանավանդ, ալ որևէ նոր հայտնություններու պետք չէր տեսներ:

Հիմա ինքն է, որ կրնա մեյմեկ հիշել, թե ինչո՞ւ իր մարդուկը երբեմն տուն հանդիպելուն, հևնիհև ներս կիյնար ու հովի պես դուրս կխոյանար. ամենեն չնչին դիտողություն մը ուշացումները, մոռացումները ակնարկող, անոր պատճառ կուտար, որ զինք ոտքին տակ քարի մը պես սղկեր. կերակուրը չէր հավներ, վրան մոռցված ճերմակեղենը փոխելու պահուն հագուստի մեկը-երկուքը խելագարի մը ըղունկներով բզիկ-բզիկ ընելու բարկանքներ մը կցուցներ։

Շատ գիշերներ անկողին չէր գար, գալու ատենն ալ արյունոտ կսմիթներու ու կռուփներու տակ, կուրծքն ու միսերն ալ իրենը չէին ըլլար։

Կհիշեր հիմա մոտավորապես այն նշանակալի օրվան իրիկունը, որ էրկանը հետ սեղան նստելու բախտավոր հանդիպումով, երբ կերակուրը կլմննար, ու մարդը դուրս թռնելու պատրվակ մը գտած՝ զինք մինակ կձգեր, ի՞նչ եղավ իր սիրտը, աչքերն ինչպե՞ս դարձան հանկարծ, ու ինտոր մահվան քրտինքներով անկողին ինկավ, որ ատեն դրացիներուն ժմնցուցած հում կաթին, հում հավկիթին ու տարած խնամքներուն շնորհիվ, միայն կրցավ աչքը բանալ, ուշաբրիլ, ամբողջ շաբաթի մը մեռածութենեն ետքը:

Անցուց, տարավ ասոնք լռին ինքն իր մեջը, ինքզինք ուտելով․ չեղավ ատեն մը, որ տերտ լար մեկու մը, միայն անգամ մը Կարմրիի տեր Թորոսը Շնթիլ եկած տեսնելով, տուն կտանի գաղտուկ մը, «թուղթ հայիլ կուտա», ուրկե սև հավի արյունով գծգծված երեք թղթի ծրարիկներ առնելով, ինչպես թելադրած էր քահանան, թուղթին մեկը իրենց դռան շեմքը կթաղե, երկրորդը կայրե, մյուսն ալ Սև գետակին եզերքը ջուրն ի վար կուտա: Այդչափ, ու ավելի բան մը չէր ըրածը։ Այդ փորձով, օրը հիսուն ծունկ ալ աղոթելե ետքը, կըսպասեր, որ Աստուր ինքնիրենը խղճմտության գա ու «վազն անցնի