Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցերեկեն ետքը մեծավորին աչքեն հեռանալ շատ հաճելի մարդավարություն չէ եղերւ: Ու իր տունն ալ ի՞նչ ուներ, որ Վարդեր երեսի վրա պիտի ձգեր։

Կինը առաջին առիթներով կհավատա այս ըսվածներուն թեև, որ այն տարաժամ մեկնումներուն ու անհայտացումին ստիպողությունը կբանաձևեն, կբացատրեն երբեմն կրակ երդումներով շեշտված, բայց ալ օր մը, վերջ ամեն միամիտ համբերության, ամիսներու շարքի մը ետևեն, կծակի միտքը ու հոն մեկ վայրկյանեն մյուսը այնքան մը բան կլեցվի, որ խեղճը ջաղացքի քարի մը չափ ծանրցած, նստած կայնած տեղը, քթին վրա թառող ճանճին անգամ քըշ ըսելու սիրտը չունենար։

Ի՛նչ էր աս եղածը այս չափ հանկարծ, ու ի՛նչ է ան, որ նոր պիտի ըլլի, իրերու այս աստիճան փոխված կասկածելի երևույթե մը ետքը։ Ինքը ե՞րբ աղոթելու ատեն, երեսն արևելք չի դարձուց, ե՞րբ մեծ կրակի մը վրա ջուր թափելու պահուն աստված չհիշեց, կիրակնամուտքին ե՞րբ թել անցուց ասեղը ու կիրակնամուտքին խունկ չի ծխեց մեռածներու հոգուն։ Աստծու հետ այսչափ կպչուն հարաբերության մեջ, դուռ դրացնի հետ հաշտ, Աստուրին հանդեպ ալ ի՞նչ թերություն պիտի ըլլար գործածը։ Ալ ի՞նչ մեղք պիտի ունենար, որ հիմա մեկ օրեն մյուսը, կրակ կառնե գոգնոցը ու բույնին մեջ, բուն իսկ իր նստած տեղը, սև օձի մը գլուխը տեսնելու արհավիրքներով պաշարված կգտնի իր միտքը։

Երեկ կնայեր, այսօր կնայի, ամեն գիշեր շունչը կբռնե ու կսպասե, որ մեյ մը սա դռան ձայնն առե։ Աստուր աս գիշեր ալ չի դառնար, ու ինք ատ գիշերին համար ալ հույսը կտրած՝ գլուխը բարձին վրա կնետե, քուն չըլլար, դիվահար ըլլալու սոսկումներ կանցնե, բարձին վրա, անկողնին մեջ, կարիճներու զեռում մը կա։

Վարդեր ուշ անդրադարձավ, բալց լսեց վերջապես, ու հիմա ընդարձակը լսած է, իր մոտը ու իրմեն հեռուն անցած դարձածներուն վրա։

Էրիկը դեմի նոր գեղը հարս մը կսիրե, Շուշանը, ու կըսեն, ու լսած է նաև, որ այդ հարսին հետ այնքան կսկուծ հարաբերություն շիտկեր ու ձեռքոտեր է որ, կասկած կա թե, լքանե զինք շատ չանցած, ու զայն իրեն տեղացու մը բերե: Շուշանը Վարդերին տեղացո՞ւ