ցրված ճռինչները կհիշեցնեն։ Կեսուրը հարսին մեկուն հյուսքը կշոյե բուխ գորովանքով, այն մյուսին մատին պատատը կկապե, ուր մանգաղը հետք մըն է ձգեր, պզտիկ հարսին խոստում, երդում, որ շաբաթ իրիկուն մարանցը խրկե:
Զվա՜րթ, զվա՜րթ, զվա՜րթ, դաշտեն տունը այսպես, տունեն դաշտը ծծղերես։ Տարին որ կանցնի, հաջորդ տարի մըն եղեր, լոպը, մարախը, սերմնաքաղը վնաս մը չեն տվեր ցանվածին, մեկը տասը, մեկը տասնհինգ ու ավելի արդյունք կխոստանա, մանգաղին արծաթ բերնին վրա ոսկի հունձք մը ու նմանը քիչ անգամ տեսնված։
Երդիքին տակ, ճրագլուսուն, բանվոր ընտանիքը իր մեծերովը պզտիկներովը լայն առանձին շրջանակներով սեղաններ կբոլորեն, դգալներուն շարժքը, ելևէջքը դարբնոցին մուրճերուն գործոնի շարժունությունը ճիշտ:
Կուտեն հևալով, կուտեն արտորնոք ու ախորժով կթխմեն, չոր հացին պատառը շաքրե կարկանդակի մը համովը կհալվի բերվնուն մեջ, ու կարմիր կուժին զուլալ, պաղ ջուրը ծարված եղջերուին խանձումովը բերնին բռնած՝ կարմրդարի գինիեն ալ անուշ, կազդուրիչ է կըսեն:
Հալալ վաստակ, հալալ վայելք:
Սեղանը կվերջանա, փշրանքները կժողվին, հենց ատ փշրանքներեն խոշոր, ահագին սակառներ կլեցվին: Քրտինքով օծված աշխատության հացն է, որ չսպառիր, ու դեռ ատ հացին հետին թափթփուկներովը փողոցին անոթի շներն ալ պիտի կշտանան։
Հացեն ետքը հանգիստ մը տանիքին վրա։ Այդ անծածք, աղվոր ննջարանը գեղացիին, որուն մեկ ծայրեն մյուսը նետ նետես գետին չիյնար, դուր դաշտի մը երևույթը ունի, ուրկե ծոթրինին հոտովը խնկված իրիկվա հովերը կճամփորդեն և որուն վերոքը, իրենց՝ աս արևորդիներուն ընտանի լուսնակ քեռին է, որ կեցեր հոն այնքան մոտ, կաղամախիներուն գլուխը, վկա մը կըլլա տանիքին բազմության անցուցած աշխատալի օրվանը, վկա մը անոնց խորունկ քունին:
Տանիքը, անկողիններուն երկայնքին փռված, ու քարի չափ կարծր բարձը մեջքերնուն, որուն ալ վարժվեր էին, կթողուն պահ մը վարինները ու իրենց վերի դրացիներուն՝ լուսունկային դիմացը կթարթեն աչվընին։ Ու վայրկյան մը լուսունկային դարձած, անոր հետ իրենց հեռավորներուն բարև, շատ բարևներ կխրկեն, կարոտով