Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա կատարեին հիմնական փոփոխությունը քարոզված ավետարանին մաքուր ազդեցության ներքև։

Տարիներ անցնելե վերջ կըսեմ, կարգ մըն ալ մեզի չէ՞ր արվեր, որ մենք ալ հիմա պոռայինք, մե՛ղքը, մե՛ղքը, դեռ նույն մարդը, դեռ նույն տգեղությունը, նույն մութ նկարագիրները, աջ աչքերու, աջ ձեռքերու նույն մեղքը տակավին, որ կա ու կմնա գեղին բոլոր հայ համայնքին մեջ հավասարապես։

Շիտակ չէր ուրեմն, որ ըսեինք թե՝ հոն իրավ որ ո՛չ հայ քահանան կրցեր է բան մը ընել, ոչ ալ պատվելի քարոզիչը կարող եղեր է քրիստոնեական շինիչ բարոյական մը մշակել, գոնե ինչպես հասարակ կորեկ մը կմշակեին։

Եվ ինչո՞ւ…

1904

ՊԱՏԿԵՐԻՆ ՏՂԱՆ

Սովորություն մը իր տարօրինակության մեջ անողոք ըսվելու և հռչակվելու աստիճան ընթացք առած՝ այս վերջին քանի մը տարիներուն, տեղացի մեր աղջիկները անստույգ բախտախաղի մը զոհերը կպահե, որուն առջևն առնելու հնարավորությունը ես ալ խելքովս չէի կրնար ծրագրել, ուրիշի գյուտին վրա ալ հավատք չունիմ։ Երկրին տղաքը հայտնի է, թե ո՛ւր հաստատվեր են և ուսկե ձեն կուտան, ու անոնց ետևեն ան նոր գացողներն ալ ինչքան փութկոտ էին, որ հիմա նույնիսկ եղանակին բուքն ու քամին ալ բանի չի դնելով, օր առաջ լեռն անցնիլ ու տեղ հասնիլնին կնային։

Թե ինչո՞ւ կերթան, կամ աս նորերն ալ ինչո՞ւ ելեր կհեռանան, որոնք ետևնին ալ չնայելու համար շատերը ամբողջ ընտանիքով կճամփորդեն, առայժմ մնային ասոնք, ու դուք միայն ժամանակ գտնելով սա դողդողացող մատիս հետևեցեք, որ այն կողմը կպարզեմ «որչափություն» մը հասկցնելու համար։

Տուները պարպված են, կպարպվին, այսօր ամայացած վանդակներու ձևը առած են, որ վաղը իրենց տեղերուն վրա անպետ հողակույտերու վերածվին, ու դաշտն ալ, ուրիշ կողմ մը, փուշով ու տոշկուկով ծածկված ու կորդացած մողեսներուն փորին տակը խշխշա: Բայց դեռ աս չէր ըսելիքս։

Երկրեն նախ օրով բաժնվողները, որոնք հոն ամերիկյան միսի