Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արար աշխարհ հագուստ կապուստի ձև, գույն փոխեց, գեղացիին հետինն ալ քիչ շատ ճաշակի նորույթով երևաց, բայց աս դրացիս պահեց, շատ զգուշավոր խնամքով պահեց ինչ որ ուներ, ինչպես ինք ան իսկ մնացեր է ինչ որ կա երբեմն իր անձրևի ու կարկուտի դեմ տվող կաշիին մեջ։

Հագածներուն ամբողջութենեն պակասը շարունակ բաճկոնը եղած է, որ օր մըն ալ չէ երևցուցած կուրծքին։ Ըսի՞ թե այդ կուրծքն ալ ամեն օր դարբնոցին կայծերովը խարանված, փուռի մը ներքնակողմի տակին չափ տարիներ ու տարիներ դիմանալ գիտցեր է և ինչպես անձրևին, կարկուտին, նույնչափ ու ավելի այն կայծի տարափներուն, որ օրը օրին իր վրա կնետվին, կուրծքին կարմիր միսերուն հետ շատ հեղ երեսներուն ու պեխին վրա ալ ճենճ մը մխացնելով։ Այս վիճակը, ամառը, այնպես ձմեռը, ու աս է բոլոր կյանքին մեջ։

Գրել կարդալե չի հասկնար։ Քահանայի մը հանդիպելուն, սուրբի մը երկրպագելու պես ծունկ ծռելու կերպ մը կընե, որ ատեն, երբեմն բուն կերպը մոռցած կամ շվարած՝ կուրծքին վրա խաչի ձև մը կըլլա ըրածը։

Կյանքին մեջ աղոթքեն ետ կեցած չունի երբեք, աղոթք, միշտ աղոթք, իր ըսածին նայելով, ան ծառները, որ հովերուն առաջքը գլուխ կծռեն, աղոթք կընեն, ծիծեռնիկները, որ վերերը կսավառնին, աղոթելու համար պիտի ըլլա անտարակույս, դեռ ան հավն ու ձագն ալ, երբ ջուր խմելու ատեննին վեր վեր կշիտկեն կտուցնին, աստծու կաղոթեն։

Ու այսպես կանուխ առավոտով՝ շուկայե առաջ, իրիկունն ալ շուկայեն տուն դառնալուն, ժամ պիտի մտնե անպատճառ, ուր խաչ մը մերկ՝ միս կուրծքին վրա՝ ու շառաչուն համբույր մը քարերուն, որ խաչի նշաններ ունին, համբույր, երկրպագություն եկեղեցիին դրան մինչև խաչանիշ դրանդիին, իր կլորած աղոթքին կերպն է, որ կրնա երբեմն մինչև տունը, մինչև շուկան ալ երկնցնել տակավին, վրայե վրա կոտրտած «Հայը մեր»-ը կծկելով, քակելով, իր շուրջն անգամ չնայելու ինքնամոռաց մեքենականությամբ մը իր իսկ անունն ալ մոռնալով ապահովապես։

Իր բոլոր գիտությունն է՝ ս. Գիրքեն՝ պատմությունը հայր Աբրահամի, ու մասնավոր նախասիրությամբ մը՝ պատմությունը Հովսեփ Գեղեցիկի վարքին, արարքին, որոնք կհիշե ան ատեն մանավանդ