Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ իր դարբնի արհեստին շատ հին, շատ նախավոր ու սուրբ արհեստ մը ըլլալը պիտի հաստատե պատմությունովը։ Թովբելի, որ երկաթ ծեծող դարբիններու առաջին փիրն է եղեր։

Անգամ մը, մեռելի տուն մը ցավակցության գացած, ես ալ հոն գտնվեցա։ Քանի մը հնուկ դեմքեր անդենի հոգերով կորացած ու ճմռթկված՝ թողեր էին, որ ինք, աս Պեյրոս աղբարը խոսի։ Ես շատ լսեր եմ զինքը, բայց նորեն հիմա ալ անոր խոսելու միամիտ կերպերուն չախորժողը ես չպիտի ըլլայի։ Ամենքն ալ գլխընին կախ ու խորունկ մտմտուքներով, աս երիտասարդ ծերուկին մտիկ կընեն, որ անցավոր աս աշխարհիս կյանքեն հետո՝ հավիտենական եղող էնդի դեմին վրա իր համոզումները իբր հանձնարարելի ճշմարտություններ, ծերերուն մասնավորապես ունենալու ստիպողականության մը վրա կճառե։ Ես մեջ կմտնեմ որ ինք իր հայտնություններուն քիչ մը ավելի տեր մնալու իր բոլոր թափը, իր բոլոր պաշարը գործածե, ինչպես պիտի սիրեի լսել, երբ հին փապարաբնակ հավատավոր մը ըլլար խոսողը իր ոսկրացած հավատալիքներուն վրա։

― Դուն մեռնիս նը ո՛ւր պիտի երթաս, կըսեմ, Պեյրոս աղբար։

― Արդարիմ նը՝ խնկենի ծառին շուքը, մեղավորիմ նը՝ դժոխքին կրակները։

― Է, դուն քեզի համար ի՞նչ մը գիտես, արդա՞ր ես, մեղավո՞ր ես։

― Էտի աստծու գիտցածն է, ա՛յ օղուլ, ես ի՞նչ գիտնայի։

― Արդար մարդն ինչպե՞ս է։

― Սուտ չի խոսար, հարամ հալալ չի խառնիր, պաք կկենա, աղոթք կընե, իշտե իմ գիտցածս։

― Դուն սուտ չե՞ս խոսեր երբեք, արհեստավորին առաջին սերմայեն չէ՞։

― Սուտ ամեն մարդ կխոսա, յա՛վրում, էտի իմ գիտցածս չէ ըսի յա։

― Ըսել է ստախոսներուն աստված ալ կներե երբեմն։

― Դուք անհավատ եք զաթի, անհավատ, անհավատ։

― Անհավատ ինչո՞ւ, դրացի, ես ալ քեզի պես ժամ կերթամ, աղոթք կընեմ։

― Ժամ կուգաք նը խաչ կհանե՞ք, ծունկ կչոքե՞ք, պաք կպեհեք, որո՞ւ կհավտըցնեք, հիմակվանները բոլորն ալ անհավատ։

― Ըսենք թե շիտակ արքայություն գացիր, Պեյրոս աղբար, հոն ի՞նչ պիտի ընես։