Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատեր մխիթարությունն ունին հուսալու թե՝ շատ մը ձրի շնորհքներու տիրացած պիտի ըլլան կամ ոտքերու տակ մեկ-երկու աղյուս դնելով, գլուխնին ծածուկ երկինքի մը պիտի կրնան դպցնել, ինչպես այդ տեսակ անուշ մտածություն մը այն պզտիկներուն մեջ, երբ անոնք ալ կհավտան պահ մը թե՝ հոն լեռ մը ելլելով պիտի հաջողին երկինքի լույսերը՝ ոսկի ընկույզներ, իրենց գրպանները լեցնել։

Դեռ ինչե՜ր ուրիշ։

Գեղը ամբողջ այն կասկածելի նորություններուն բերած ազդեցության տակ կսարսռա, ալ չկա հոն հին համակերպող խաղաղությունը ընտանիքներու մեջ, ամեն ծածքի տակ բողոքող ճիչը բողոքական հովերը կշնչեն, որոնք նույն պահուն երբ մեկ կողմեն մեռնող խիղճերու ցավագին հռնդյունները կբերեն ականջի, ուրիշ կողմե ալ նոր ծնած հավատքին նախատոնը փառաբանողներուն գոռուն աղաղակները կլսցնեն։

Ժողովարանին զանգակը, ժողովարանին բառաչող երգերը ու ժողովարականին մանավանդ ճաթած կոկորդեն ժայթքող պոռոտ շեշտերը տուներու մեջ, փողոցը ու ամեն տեղ հինի ու նորի վեճերով, այն տեսակ աղմուկ մը կշինեն կհանրացնեն գեղին հետին իսկ ծակուծուկը, որ ատեն, մարդ՝ գոմեշի թոքեր ունեցող մարդն ալ դժվար շունչ մը կառնե ու վայրկյան մը կփորձե խորհիլ, որ այս գեղը այն տուներով համայնավեր հեղեղի մը բռնված ըլլա։

Կիրակեի այդ աղմուկներեն հետո երկուշաբթի կլուսնա, ու կտեսնվի ահա, որ կիրակեի արևով մարտիրոսացածի մը տրորված մարմինը սայլակի մը վրա նետված դատարան կփոխադրվի, որ հոն որոշվի իր վրա կատարված անիրավության չափն ու տեսակը։

Հարվածներու տակ ճզմվողները սուրբերը նախատող դավանափոխները կըլլան հավետ, մինչ մյուսները որոնք վայրկենապես փաստ կամ վկայություն գտնելու անճրկության մը ատեն, փողոցին քարերեն ու տանիքին ձողերեն կընեին իրենց մեջբերումները, հաստ բիրտ փայտերը հարդի պես մանրելով դեմիններուն գլխուն ու քամակին վրա — անոնք էին մասնավորապես, թունդ, հնամոլ ծուխետեր Պողոսին, որ ձեռվընին ժողովարանին պատին քսած ըլլալու անզգույշ սխալանք մը յոթը օր կուլային ու վերջն ալ յոթը ջուրով կլվային պղծված ձեռվընին։

Կիրակեն միշտ ըմբշամարտություն կար այս գյուղը, կիրակեն՝ ամբողջ օրը, հոն կովն ու եզը չէին բառաչեր միայն։ Այն օրը, մասնավորապես, ուր գեղը քով քովի կապրի, ժողովարանականը