Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք թերևս աղաչանք մը ըլլա այն նազոտ գեղջկուհիին, որ իր շալերուն այն ինչ հատին հավնելու ատեն անոր արժեքին մասին համառ անհասկացողություն մը կցուցնե։

Բայց մարդը գիտե մեջեն ելլել, ձեռք անցուցածը մրջնառյուծի մը պես կքմե։

Շատ ավելի գեղի կնիկներն են, որ անձկագին իրենց դուռներուն առջև Շալճիին կսպասեն։ Այն օրերը գեղի հարսնուկ մը իր հետույքին կլորության վրա պարսիկ շալ մը եռանկյուն մը կապել կարենալու համար, երեք օր, երեք գիշեր ծոմ կպահեր։ Այս ճաշակը տղամարդերուն մեջ ալ, որոնք անկե առաջ տեղական կտավով մը կպրկեին մեջքերնին։

Խ.–ցի Արթին առաջինն ինք կըլլա, որ ամբողջ դաշտը իր բերած գոտիին նորույթովը կողողե։

Այս կերպով տուն բերած շահերը փեթակներ կլեցնեն, հազար ոսկի ունի կըսեին, է՜հ, չէ՛, հազարն ալ բա՞ն է կավելցնեին։ Մարդուն հարստության չափին վրա առասպելներ կպատմվեին։

Ու մենք չըսինք տակավին թե՝ այս տեսակ հաջողված բախտավոր ինչո՞ւ պիտի շապիկ փոխեր։

Արթինին այն ինչ մեկ ազգականը շատոնց բողոքական կրոնքին հետևող ու աս ալ հարուստ մը իր կարգին, ամեն օր անծեղ մը կապրի իր ազգականին ականջին տակ։ Ես այն մեկը Զուինկըլ մը անվանիմ, դուք նույն ինքը Լուտեր մը հասկցեք։ Օրվան միսիոնարեն փայփայված առաջին դեմքն է գեղին մեջ։

Միսիոնարը հոգիով աղքատներուն երեսները համբուրելու ատեն, մինչև հիմա ալ այնպես է, որ ոսկիով բեռնավորվածներն ալ իր ալ ծունկին վրա կնստեցնե։

Բաղդիկ Պաղսար, միսիոնարին հայացքներուն մազին ծառայելու իր անձնվեր գործունեության մեջ, կաշխատի, միշտ կաշխատի, որ այն գեղը ապրող արագիլներուն բույներն ալ բողոքական ժողովարանին տանիքին վրա շինել տա։

Պաղսարի դավանափոխութենեն ետքը Ֆերնատ ժողովասրահին ժամկոչը կմնա այլևս, այն միականի Զաքարն ալ սոսկ տամճիի ծառայության մը մեջ։ Պաղսար կաշիի վրա գործ ընող խաղախորդ մըն է, իր ստորագրությունը միայն, որովհետև բողոքական մըն է։