Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծիքը կպաշտպանեն, որ Պ․․․երու հակառակը պնդող մեծ ձայնն ունի, սխալ եք հասկցեր կըսեր աս վերջինը, եղբայրնե՜ր, սխալ հասկացողության մը հետևանքով անմիջապես վճիռ չարձակվիր, խմվածը գավաթ մըն է միայն, ան ալ ի՛նչ ստիպումով, ի՛նչ չափ զոռով, դուք ալ ըլլայիք ուրիշ կերպ չպիտի ընեիք կարծեմ, ի՞նչ կսեք ժողովուրդ, դուք կհաճիք, բերան մըն ալ մեզի համար բացեք։

Ունկնդիրներ մեծ մասով անգամ մըն ալ Բաղդիկին թմբուկը կզարնեն, բայց բան մը չարժեր իրենց հանած ձայնը, անգամ ըսվածներու մեծամասնությունն է, որ Պ․․․երու կողմը կպաշտպանե, այն հայտնի պատճառով, որ լսած կըլլան, թե Բաղդիկ մոտ օրեն իր պաշտպանածին հետ խնամիական կապ մը պիտի հաստատե։ Վաղն ան երկուքին միացած ազդեցությունը ամեն հավանականությունով իրենց շահերուն սպառնացող փորձությունը պիտի ըլլա։

Ջնջել, եղբա՛յր, ջնջելը միայն գայթակղության առաջքը կառնե։

Հովնան մըն ալ թող պակաս ըլլար, մանավանդ թե արդեն այսպես կպահանջեն նույնիսկ եկեղեցիին շահերը, որոնց պատասխանատվությունը ժողովրդեն առաջ, անգամ եղբայրակցության վրա կծանրանա։ Շալճին բացակա այս վերջին ժողովեն, ու նույնիսկ գեղեն ալ իր առուտուրին բերումովը, երկինքեն երկիր՝ մեղավոր հրեշտակ մը կնետվի, այնպես որ ալ ան անկումեն հետո հասարակ ժողովարանականի մը պատիվը չունենար։ Այսչափ արագ կփոխվի իր վրա ձևված համարումը, ժողով կամ ժողովուրդ այսչափ բծախնդիր միջամտության մը կարտորան պատմելու այն մեկը, որ այնպես կտեսնեին թե՝ քիչ մը լայն կնստեր ժողովարանին մեջ, ամեն օր հարսնևորի մը հագուստովը կերևար հոն, ու անոր ավելի ան անտանելիությունը, որ հիմա կխոսին, ան է եղեր, որ ժողովարանին մեջ աղոթքի ատեն, մինչ ուրիշներ աչքերնին խբելով ինքնամփոփ վերացումներու մեջ կըլլան, ինք նույն ատեն իր թարթիչներուն տակեն պահ-պահ կնիկներուն կողմը կհայի եղեր, կատարյալ բողոքական մը չէր կըսեն։ Ինք ժողովարան գալու ատենը թող կուտար, որ իր կնիկն ալ ժամ երթար, այս բանը քիչ մըն ալ բուն իսկ իր բարեկամ ազգականին ջիղերուն դպած էր օրին, բայց նա կծածկեր իր զգացումները ու կարելի է այդ իսկ պարագան ըլլար արգելիչ միակ պատճառը, որ Բաղդիկ չուզեր արտորալ իր աղջիկը Շալճիի պես կես բողոքական տունի մը հարս տալու։