Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ․․․ները կշահին ան, ինչ որ միտքերնին դրած էին. քաղաքեն միսիոնարն ալ եղածին հավանություն հայտնող պաշտոնական թուղթ մը կնետե անոնց առջև։

Մեկ քանի օրեր վերջը, բանադրված պարոնը տուն դարձած կիմանա բաները ու պահ մը ապուշ կապրի, կամ ավելի շիտակը, լուռ մխացողը կըլլա այն որոշումին հեղինակներուն դեմ ու անոնց անուններուն վրա կկռճտցնե ատամները։ Բաղդիկին բարեկամության չափն ալ աչքի տակ կբերե, բայց կարժե՞ փորձել բան մը, քանի որ լսած կըլլա նաև թե՝ անոնց ըսածներուն հավնողը ուրիշ բարձրագույն մարմին մը միսիոնարությունն ալ է եղեր, միսիոնարը հայ տերտերը չէ, որ մեկ դույլ գինիով յոթը մահացուները ներե։ Մարդու առուտուրին պարագաներն ալ այնպես են սա վերջին օրերը, որ քիչ մը ժիր շունչ առնել տալն անգամ վտանգավոր հավակնություն մը կխորհի։ Ձայնը վար կդնե ու տունին մեջ ինքնամփոփ խոշորկեկ գիրքի մը վրա կկախե գլուխը։

Այս վիճակին մեջ իրեն այցելող բարեկամները իրմեն այն տպավորությունը կտանին, կվկայեն թե՝ մարդը հիմա ինչպես առաջ ալ մեղրիկ մեղեսիկ քրիստոնյան կմնա, գեշը անոնք, որ անոր պես մեկը գավաթի մը մեջ խեղդելու անիրավությունը ըրին։

Բանը հոն սակայն որ խոստովանանքի կամ վկայության մը այս կերպը ուրիշներն ալ հայտնեն ու խոսքը մինչև այնինչ ամբիոնը արձագանքե։

Անոր միակ փափագն է կորսվածը գտնել ժողովարանին մեջ, վարկի վերադարձը կամ եկեղեցիի անդամակցությունը անգամ մըն ալ — ինչո՛ւ չէ, ապաշխարհող մեղավոր մը ողջունելու համար երկինքի սերովբեներեն առաջ արդեն, հոն, քաղաքի միսիոնարն ալ պորտ կնետե։

Դատապարտված մարդը այսպես շատ օրեր բուն գործն ալ մոռցած՝ խիստ ապաշխարության մը կենթարկե ինքզինք, միշտ կաղոթե, միշտ ս. գիրքն ունի ծունկերուն վրա։ Խոշոր աղյուսի մեծությունով աստվածաշունչ մը, որ օրին մեկը միսիոնարն է նվիրեր իրեն, անոր հետ ուրիշներ ալ կան ձեռքին տակ թեև, բայց անոնք մանր գիրերով են, ինք ավելի այն մեկը կսիրե գործածել, որ ոսկեզօծ կողքին հետ խոշոր ալ տպագիր մը ունի։ Բացած երեսին մանրագիր վկայություններն անգամ աչքե չի վրիպեցներ, կարգ մը բառերու վրա քմայքոտ եղանակներ մը կկզկզա, որ երգարանինը պիտի ըլլան։