Սար՜ր՜րան Աբրահամի կինը կամ քույրը, աս անունը զռինչի մը շեշտովը կերկարաձգվի իր բերանեն։ Սառռան, Աբրահամ մը հայտնապես սուտ մը ծամեց իր գեղեցիկ կնկան համար։ Գիշերները ս․ գիրքով լրացուցած առտու կանուխ դեմը եկողին ալ կպատմե որ՝ բոլոր ատենը միածին գառնուկի հետ խոսեր է, ճիշտ դեմ դեմի նստած խոսեր է գառնուկին հետ։
Ու պարոն Շալճի գիշեր մըն ալ ս. գիրքին հետ։ Գիշեր մը, սև գիշեր մը, որին հաջորդող ցորեկն ալ գիշերի մը մութովը պիտի պարուրե իր տունը։ Այն իրիկուն պարոնը — այն խոշորակազմ այն ընկերին՝ ս. գիրքին հետ կապրի նորեն, աքաղաղը երկու-երեք բերան խոսելե վերջ ինքն նույն անկյունը, ու նույն գիրքին վրա կմարմրցնե աչքերը, որ ալ հայտնի է, թե չեն կրնար դիմադրել ու նույնիսկ գիրերն ալ չեն կրնար տեսնել։
Պարոնին կինը պզտիկը կուրծքին ծծցնելու առած՝ մեղքնալով էրկանը գալարքներուն ու հատնումին, մեղմով մը շրթունքը կերերցնե ըսելու, որ քիչ մըն ալ վաղը կարդա, մեղք ես, էրի՜կ, քիչ մըն ալ վաղը պեյե կարդալիքդ, կհծծե Վարդեր։ Գորովոտ զգացում մըն է կնկան հայտնածը, որուն պարոնը անմիջապես պատասխանելու վիճակ չունենար, մրափի խրխռուկներ մը կլսցնե գլուխին աս ան կողմը, շրջել կախելովը ուսկե ազատելու համար պահ-պահ ջղուտ շարժումով ամփոփում մը կփորձե թեև, կբանա աչքերը կարկամ ու քիչ մըն ալ ապուշի թարթվածքով, գիրքին կշիտկե, բայց նա նորեն նույն անկումները կունենա, նույն խեղճ դրության մեջ կգալարվի. կինը հեղ մըն ալ կկրկնե ըսելիքը, «քեզի մեղք է, քիչ մըլ ինծի մեղքե ա ճանըմ, ել հիմա անկողինդ գուտ, հանգիստ մը ըրե, մնացածը կրնաս վաղն ալ կարդալ, առտու ես կանուխ պիտի էլլըմ, կանուխ՝ հաց պիտի թխիմ, ևն, ևն»։
Պզտիկը ծծցնող մորը խոսքը անավարտ տակավին, նա այն տեսակ հարված մը կընդունի երեսին վրա, որ կզգա վայրկեն պես թե՝ տունին ձեղունը իր բոլոր ծանրությունով իր գլուխին կփլի, վո՜ւյ, անորէն մարդ, քոռցուցիր, քոռցուցիր, վո՜ւշ, տունս ավրավ–ավրավ… այս կինը սարսափահար ու գետնե գետին ճանկռտվելու խելահեղ վիճակի մը մեջ։ Պարոնին ոտքերուն տակ, վիզեն կտրված հավ մը կցատկտե կամ վիրավորված այծ մըն է, որ կմկկա, վո՜ւյ, անորէ՜ն..․
Արթին գազան մը կդառնա հանկարծ ու սև գիշերի մը ծոցին մեջ իր կնկան աչքերն ալ միևնույն գիշերին վարագույրովը կփակե։