Այդ բաները մոտիկ դրացիներն ալ կտեսնեն այնպես, անոնց նկատմամբ բոլոր գեղին ու մինչև հեռավորներու բերանը կդառնա խոսքեր մը, Շալճին երկու կնիկ կգործածե, նոր գայթակղություն, նոր փոթորիկ մը այս, ուսկե բողոքական պարոնին տունը խլյակի մը պես կերերա վտանգավոր ջուրերու մը երեսին։ Ամբողջ գեղն է հուզվողը։ Շատեր ավելի ստույգը շեշտելու համար, կույս կնիկը բոլորովին երեսե ձգեր է կըսեն ու Վարդաթիլցիին հետ կապրի միայն, սանկ անօրենություն մը ո՛վ լսեր է կըսե ժամվորը, օ՛հ, այո՛, եղբայր, ան շնացողին պես Սոդոմի մեջ ալ չիկար կավելցնե ժողովարանականը. գավաթին մեջ խեղդվող դավանափոխը, հիմա ալ աշխարհի աչքին տակ Վարդաթիլցիին թաղարին մեջ կթաղվի։ Այն տեսակ խոշոր, բելիարի պես մարդ մը այս տեսակ փոքրություններու մեջ կխբե ինքզինքը։ Բայց աս չէ շատ զարմանալին։ Ժամեն հրաժարող պարոնը, հիմա ամենևին ժողովարան ալ չի կրնար մտնիլ, ուր ու ամեն տեղ կատաղի տրամադրություններ լարված կերևան դեմը, պզտիկներ իր անունով շինված շերեր կպոռան մինչև իր դուռին առաջքը մոտենալու համարձակությունով, որոնց ինք ներսեն ձայներ մը երկնցնելով՝ հա՜, օղուլ, հա՛, երկու կնիկ իմ առեր, տահա իրեք ու չորս ըլ պիտի առնիմ, տահա կուզեք մարերնիդ ալ կառնիմ։
Շալճիին աս նախատինքը այս բանաձևերով, լուսավորչականները ամենքեն առաջ մատերնին փաթթած օրվան առաջնորդ վարդապետին բողոք մը ներկայացնելով կպահանջեն անպատճառ, որ կամ այն մարդը իրենց գեղեն ելլա գեղը շնացողի մը գայթակղութենեն փրկված ըլլալու համար, և կամ իրենք թույլատրած ըլլան, որ անոր հետ իրենք իրենց ուզածին պես չափվին, շնացողը, անկրոնը որ ամեն բան ուրանալով հանդերձ, հիմա ալ երկու կնիկ գործածելը արդարացնելու համար, կպնդե, որ ավետարանը կարտոնե իրեն այնպես, ավետարանին մեջ ո՞ւր կա խոսք մը, ակնարկ մը, որ երկու կնիկ ունենալը կարգիլե, կամ քանի որ հոն եպիսկոպոսին համար մեկ կնիկ ունենալու խոսքը հայտնի իր տեղը ունի՝ ըսել չէ՞ աս, որ աշխարհական մը կրնա երկուք ու երկուքեն ա՛լ ավելին ալ գործածել։ Շալճին կըսեք իր աս ծամած չամի՞չն էր, որ այնքան երկար հոգնությունով ս․ գիրքին մեջ կփնտրեր, զոր ուշ գտնելու խըրսովը, կնկան աչքերը կուրցած, աս հարցումներուն պատասխանելու ժամանակ չունիմ հիմա, դուք զարմացեք անոր, որ պարոնը իր այն բանաձևը քանի՜ քանի անգամներ միսիոնարի առջև ու ամեն մարդու