օր մը ու վայրկենապես ուզածը կըլլար։ Գինի, անպատճառ գինի ու անպատճառ՝ անխառն ըլլալու պայմանով։
Տունեցիները նեղվիլ կսկսին, կարճ պիտի ըսենք, բոլորին մեջ շատ ավելի իրիցկինն է քրթմնջողը, իրիցկինը խաթուն կին մը, բայց փոխված է վերջապես։
Հակառակ վարդապետին մտերիմ վերաբերություններուն, ինք անոր երեսն ալ չուզեր նայիլ։
Իրիցկինը չես գիտեր ի՛նչ աղբյուրներե, ան մեկ-երկու օրը այնպես լսած կըլլա թե՝ վարդապետ տագրը իր մեկե ավելի տուներն ու խանութները ամբողջությամբ անոնց նվիրած է, որոնք իրեն հետ որևէ ընտանեկան կապ մը, առնչություն մը չունենալով մեկտեղ այնքան մեծ հարստության մը կտիրանան, ասդին ալ իրենց բաժին հանվածը տարապարտ հոգնություն ու հատնումները միայն, որոնց ծանրության տեսակին շունն ալ չի տանիր։ Խնդիրն ալ իրավ է, որ իրիցկինին լսածին պես է հայ սուրբը որքան որ գաղտնի ուզեր էր պահել այդ տեսակ փոխանցման գործողության մը պարագաները, բայց վերջապես հայտնվեր է բանը, այն նկատմամբ հիմա շատերն են, որ նույնիսկ իրարու մեջ հետաքրքրող մանրամասնություններ մըն ալ կըսեն։ Քահանան ու տղաքն ալ լսեր են խնդիրը, բայց ասոնք չեն հավտըցած, ինչպես ուրիշ ատեններ ալ անկարևոր գտած էին ու հավետ թշնամություններու վերագրած։ Բանին մեջ ան ալ կա՞, որ գավաթ մը ջուրի փոխարեն ահագին հարստություն կկտակվի։
Իրիցկինը ան խոսքը լսած օրն ալ համբերելու արիությունը կունենա։ Ձայն ձուն չի հաներ, բայց ալ հոգին բերանը եկած ըլլալու աստիճան խեղդվիլ մը կզգա, քահանա ամուսինն ալ որևէ փափկանկատ մտածումով անհաղորդ կպահե իր գիտցած ու զգացածներեն։
Իրիցկինը առտու մը ժամեն կդառնա ու վայրկյանին ձեռքը զբաղում մը ձգելու համար, պարտեզ կիջնա ճառերուն տակ թափթփուք մը կժողվե. բայց հնա՞ր է, որ անշահ տագրի մը ըրած ու վերջացուցածները միտքե հանե. ան ընտանիքն ի՞նչ կապ ունի վարդապետին հետ, այն կինն ու կնկան պարագաները վարդապետին բերանը ի՞նչ համ բերած պիտի ըլլան, որ աս ալ անոնց ըրածը փոխարինելու համար անոնց իր ամբողջ ունեցածը կկտակե և կըսեն՝ օրինական պայմաններու գործադրությունով փակեր է խնդիրը։ Իրիցկինը գետին կճկած՝ ծառներուն տակ՝ ան առտուն փեշ մը չոր