Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջուրը, վերջին մըն ալ անոր կուրծքին վրա Լեթեի աղբյուրեն ջուր մը կսրսկե: Վարդապետն իր շուրջը այսքան մը ջրկիրներ ու սպասարկուներ ունենալով մեկտեղ, հիմա, ինչպես ուրիշ ատեններ ալ, երբ քիչ մը քիթը ծռի, երբ հենց հարբուխ մը կամ հազ մը ունենա թեթև, ինքզինք չի վստահելով մյուսներուն խնամքին, հոն կըլլա միշտ, ուր ծնած էր, իրիցկինն ու ասոր հարսերը մանավանդ մատաղ ըլլալու աստիճան անձնվեր ծառայություններ մը կընեն իր անկողինին բոլորտիքը։

Ան օրերը Պոլիսեն նոր դարձած առաջնորդի պաշտոնովը, ո՛վ գիտե աս անգամ ալ ի՛նչ փոխարենով գնած ան, քով եկող գացողներուն ալ վերջը չի գար։ Կուգան մեյ մը անոր նոր պաշտոնը շնորհավորելու, մեյ մըն ալ հիվանդություևը անցած ըլլալու ազնվություններով: Անգամ մը եկողը կրնա ըլլալ, որ անգամ մըն ալ գլուխ երևցնե վարդապետին քով, այս վերջինով վարդապետը ավելի մոտեն համոզելու թե՝ անոր բացակայության օրերուն՝ ինքը միայն, ինքն էր, որ ամենեն աոաջ իր սիրելի առաջնորդին վերադարձը խնդրող հանրագիրը կստորագրեր ու եղը կրակին վրա ուրիշներու ալ այնքան դժվարություններով ստորագրել կուտար: Ու տեսնելով վարդապետը՝ թե բարի ու ազնիվ են այն ամենքը նույնիսկ իրենց կեղծավոր ու շողոքորթ խոստովանություններուն մեջ, զանոնք պատվելու համար, անգամ մըն ալ իր քմծիծաղին շնորհքները կնետե անոնց երեսին, ու ոտքի վրա սպասող տունեցիներուն երկրորդ ու երրորդ սուրճ մը կապսպրե. աս ապսպրանքներն ալ մի՛ մտածեք, որ անուշ շեշտեր մը ունենան։

Բայց մինչև ե՞րբ այսպես։ Աստծու մարդը գոնե վայրկյան մըն ալ ինք ըլլա խորհուրդը թե՝ իրեն համար օրը օրին շռայլված այն ծախքերն ու ծառայությունները քիչ մըն ալ իր քսակին մեջ գտնվածներովը փոխարինվին, քիչ մը գոնե իր ձեռքը բռնե իր երեսին, չէ, վայրկյան մըն ալ չի խորհիր այսպես, տասնոց մը անգամ չի տրամադրեր, նույն ատեն սակայն ախորժակն ալ բացված ու հետզհետե սովածի մը երախով կկլլե առջևը հրամցվածները, կով մը կուտե, դուք կուզեք, այսքանն ալ չափազանցություն հասկցեք։

Այս վիճակին մեջ, անցեր է արդեն ամիսը, ալ հիվանդ չէ ամենևին. բայց նորեն չի հեռանար, ու հիմա պահանջն ալ ան, որ ճաշի սեղանին վրա. որովհետև բժիշկն ալ նույն խորհուրդը թելադրած է եղեր, ջուրը գինիի փոխվի, չէ՞ որ տեր Հիսուսն էլ այնպես մը կպահանջեր