Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամկոչը կռնակին բեռ մըն ալ ունի, իր այս ցատկտուքներուն ատենը, որ ժողված պտղին տեսակները կպարունակե, գարի, ցորեն, ճուլպանդ ու անշուշտ չորրորդ, հինգերորդ մըն ալ, որ կորեկ ու կըլկըլ պիտի ըլլան, շլիքն ու թևերն ալ խաթուն մամաներու ճախրակին կարժերն անցուցած։ Պտղիի հավաքույթի մը մեջ ի՜նչ չի գտնվիր։

Մինչև կեսօր, ալ անտեսված տուն չի մնար ետևնին, լմնցուցեր են ժողվտուքնին ու տեղերնին կդառնան։ Ժամկոչը մինչև ատ ատեն, վեց, յոթ անգամ գացած ու դարձած է վարդապետին ասպնջական տունեն, պտղիին ամբարանոցը կա, ամեն տարի ալ արդեն հոն կհավաքվի ու ան տունեն ալ վանք կփոխադրվի մուրացածո հավաքույթի մը ան տեսակը, որ վանքին համար տարվան մը պարենի ու պաշարի պիտի ծառայե:

Վարդապետը մի՛ մոռնաք։ Լոլիկացյալ սորա կաթամբ որթատնկոց, դեռ ճամփուն մեջ, հանդիպածին հետ կատակ մը կընե, հանդիպողը կին կամ էրիկ մարդ, ամառը, ուխտին օրը, վանք կհրավիրե, տունով ընտանիքով կհրավիրե, վանքը դրախտի պես տեղ մը, աչքով տեսնալու է։ Թողելով այն մեկուն օձիքը, քիչ մը անդին կարմրուկ հարս մը կդիմավորե, անով կհետաքրքրվի, «մեր Զաքարին հարսը չե՞ս դուն, աղջի՛կ, աստված օրհնե, բայց ինչո՞ւ ղայիֆցեր ես, ձագուկս, վախնամ Կարապետը (հարսին էրիկը) շատ էզիյեթ կընե քեզի, դուն ալ իրեն ըրե. հայտե խուզում»․ ու բերանը երգ մը ահա, որ գինիին հանգով կվերջացնե, երգ մը, ճամփուն մեջ, տերտերն ու ժամկոչը, շատոնց տեղ հասեր, ինք մինակ կքալե իր գինովի սրունքներով, դանդաչողը, զառանցողը ինք միայն: Գավազանին երկաթ ծայրովը աջեն-ձախեն փակ տեսած դուռները բանալու փորձեր մը կընե, փողոցին հավերը առջևեն թռելու ատեննին թունդ փոշիի հետքով մը, գավազանն ալ անոնց կնետե, հիմա պահ մըն ալ անոր փընտռտուքովը կթափառի աղբակույտերուն վրա, ուր հարյուրներով հավ ու հավազգի ասոնք ավելի չաղ կըլլան, քան առաջինները, երբ խմբովին փախելու իրենց փորձերովը վանահայր վարդապետը փոշիի ահագին ամպի մը մեջ կխեղդեն։ Կհայհոյե, կմրթմրթա, շատ բաներ կըսե անոնց տերերուն։ Բայց որո՛ւ ի՛նչ փույթ և ի՛նչ անիրավություն, որուն ինք կլլա հեղինակը։ Վարդապետ մը հավերուն հետ միշտ, կամ հավ հալածելու կտուցով մը հավե՜տ,