Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քա՛նի անգամ է, որ մենք ալ այս իրարու անընտանի չհամազգիներով կզբաղինք։

Այսպես թե այնպես տուն կհասնի մեր բամպակ բերանը, ուր քեռկին Մարիամը - վարդապետին ըսելակերպը գործածելով — մինակը նստած հաց կեփե, տղաքն ու հարսները դաշտ գացած են, այդ պահուն հացթուխ կնկան էրիկն ալ տունը չերևար։ Մինակ ինք, մինակ շուքը, մեյ մըն ալ թոնիրը իր առջև, ու քեռկին Մարիամ ինք կընե ամեն բան, խմորին կլորցնելը, խմորին բանալը, բացված խմորը թոնիրի հրաշեկ կողքին կպցնելը ու անկե ակիշին կեռով, բայց կպատահի ձեռքով ալ, կարմիր, կսկուռ հաց հանելը ինքն ու ինք կընե միայն։ Ուրիշ ատեններ երեք-չորս հոգիներով կեփվի այս տունին հացը, բայց այս անգամ քեռկին Մարիամեն զատ ուրիշ մը չկա հրաբուխի բերանի մը նմանող թոնիրին եզերքը։ Եփվելիք հացն ալ չարեկեն պակաս չպիտի ըլլա, ինչ որ այն տեսակ համբա տունի մը համար շաբաթ մը կօգտե, չօգտեր։

Ահա թե ինչո՞ւ կես օր եղեր անցեր ալ է ու քեռկինը կես մեջքով թոնիրը կմտնե, կելլե ու դեռ հեռացած չըլլար անկե։

Թոնիրը այն ինչ կողմ նեղլիկ անկյուն մը՝ վարդապետն ալ նույն գինիի մռթմռթուկն «ի բերան» ու ընտանի համարձակությամբ ներս մտած՝ նույնիսկ առանց բարևի, քեռկինի մոտը կերթա քեռին ու տղաքը կհարցնե, անոնց տունեն հեռացած ըլլալու պատճառները կհասկնա, ու ոչ ուրիշ տեղ, ոչ ուրիշ կետի վրա, արդեն սրունքներուն վստահիլ ալ չըլլար, հացթուխ քեռկինի ետևի կողմը տեղ մը գտնելով հոն կճոպնվի, ինչպես կորեկ լեցված պարկ մը, որ ինկած տեղը ալ ձև մը չունենար։ Դուք ալ կհուսամ միտքե չէիք հաներ թե՝ սա մեր մաշած ու կտրտած պարկն ալ ինչով լեցված էր ու է տակավին մարմինին մինչև այն ծայրերը, ուր եղունգները կվերջանան։

Քեռկինն աղվորիկ կին մը, բարի կին մը նույն ատեն, հայր սուրբի թարմ հաց հրամցնելու իր հարգանքին մեջ՝ անոր ներողամիտ ըլլալը կխնդրե, որ ան օրը, այն պահուն կեր մը, կերակուր չունի հանելիք առջևը, ու զինք անոթի թողեր է։

— Կուզես սա կրակին վրա անմիջապես ձվածեղ մը եռցնեմ, հայր սո՛ւրբ, ըսե՛, ուրիշ ի՛նչ կուզեիր, թան թանապուր ալ կար, աս օր իմ մեղքես հարս աղջիկ ալ կանուխ քաղհանի գացին որ…

Վարդապետը չի լսեր աս խոսքերը, վարդապետը իր գինիին երգը լմնցուցած՝ հիմա սիրերգ մըն է, որ կմրմնջե, զոր պահ-պահ