Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարին ի բուն ժամը կպառկի ու սուրբերուն հետ կլուսցնե։ Գիշերները եկեղեցին ու սուրբերուն հե՜տ, բայց ի՛նչպես չի վախնար, ի՜նչ զարմանալի, մինչ մենք ու մեր հասակը ունեցող գեղին տղաք բոլոր ու մեծերն ալ կարելի է, հենց եկեղեցիին բակը գդակ կամ կոշիկ ալ մոռցած ըլլայինք, իրիկվա աղոթքներեն վերջը, մութին, ալ մեզի անկարելի կըլլար ետ դառնալ ու փնտռտուք փորձել: Սուրբ Աստուր դեռ կրնա, կըսեին, գերեզմանը՝ մութին ու առանձնության մեջ, մեռելներուն ալ հետ երես երեսի խոր քուն քնանալ ու առտուն ալ Երուսաղեմե դարձողի մը պես պարծիլ։ Այդ պատճառներով էլ ահա սուրբ ըսեր էին անոր ալ, որ իր դեմքով ու դրսերևույթովն ալ ժամուն սուրբերեն չէր տարբերվեր։

Գլխուն առատ ու համակ ճերմակ մազերը ուսերուն վրա ու մինչև կռնակը կախ ձգած՝ ետևի կողմեն սուրբե մը ավելի մազեղ պատառ մը կերևար շատ հեղ մազերու այն խուրձը կրնա ճաշակով հյուսկեններու վերածած ըլալով։

Գոտին կարկտնուկ սև զպունի մը վրա հանկուրցած՝ կաշիե պարզ փոկ մըն էր, գուլպա չուներ ոտքը, մաշած տրեխ մը, որ տարիներ ու տարիներ առաջ ճամփան գտած պիտի ըլլար կարծես, վերեն վար հին, ոտքեն գլուխը խեղճ հագուստ մը ու ամբողջությամբը սուրբ մը կամ բարիա վերջապէս։

Ան ատեն հեքիաթունակ բաներ կպատմեին մեզի անոր նկատմամբ, Երուսաղեմ, Էջմիածին գացեր է հետի ու բոկոտն, շատ վանք, շատ վարդապետներ ճանչցած, ան տեղերը, անոնց մոտ երկար տարիներ ծառայություններ ըրեր է: Իր տարիքին ու մազերուն վրա խոսք բացվելու ատեն, խորունկ ախեր մը քաշելով, զիս անոնք ծերացուցին կըսեր, թե ոչ՝ քարը կմաշեր ու Աստուր իր քնարը քնճիկը չէր փոխեր:

Անոնք ո՛վ ըլլային, ո՛վ ակնարկել կուզեր.— մեյ մը գեղին քահանաները, մեյ մըն ալ ապահովապես այն անկին քահանաները, որ ինք անձամբ ու այնքան մոտեն տեսած ճանչցած ու անոնց մինչև քիթերնուն շուքը չափած ըլլալը կըսեր, ու ամենևին սուտ ալ չէր խոսեր, նույնիսկ եթե բութ զմելիով մը իր քիթն ու ականջները կտրեին։

Սուրբ Աստուր իր զույգ չուներ գեղ, քաղաք։ Առաջին ամուսնութենե մը հետո, ալ երբեք կին, կնկա փեշ չէր տեսած:

Հայ կրոնքեն ու միշտ եկեղեցիեն կբերե եղեր իր վկայությունները, ամեն անգամ, որ զինք մտիկ ընող գյուղացին իր աշխարհայեցողություններուն