Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհք կուգան կերթան, բայց աշխարհք չեն գիտնար, չեն կարգվիր, կնկա երես չեն տեսնար, ան սև սուր բանը որ գլխնուն վրա կպահեն, մինչ աչքերնին չերևցնելու աստիճան, անոր համար է, որ արև, աշխարհք չերևնա աչվընուն, իրենք սուրբ են ու սուրբ մնան մինչև վերջը»։ Ան ատեն ո՛վ խելք ըներ, որ ես քիչ մը երկար քրքրեի մորս հավատքը, անոր մաքուր ու միամիտ հայացքները։

Բանին լուսաբանությունը մեր Աստուրին կմնար վիճակված, երբ ասկե կուզեինք ու նույնիսկ կաղաչեինք ալ, որ մեզի քիչ մը պարզելու ըլլա, թե վարդապետ մը ինչո՞ւ պետք է ամուսնանա, ինք ինչ ունի արդյոք լեզվին տակ, որ մեզիպեսներեն ծածկելը խոհեմություն կսեպե։ Այս նկատմամբ ինչ որ ալ ըլլար մեր ըսել ստիպելու կերպը, ինք նորեն իր մեղմուկ շեշտովը նույն բանաձևը կկրկներ. «Ձեր խելքին չի պառկեր, տղա՛քս, դուք ձեր ընկոզին ու վեգերուն խաղը խաղցեք»։

«Ինծի, գոնե ինծի հետ քիչ մը երկար խոսիր, առանձին միայն ինծի հասկցուր, Աստուր ամու, երդում քեզի, որ միայն իմ մեջս պիտի մնան ըսածներդ, վարդապետ մը կըլլա՞, որ կնիկ ունենա․ ասի ե՞րբ պիտի մոռնաս, քեզի ի՞նչ որ ամեն օր ու կըսեն կյանքիդ բոլոր օրերը աս երգը հնչեցուցեր ես ականջներու»։

Ծերուկը իր հին մարդու համառությանը տեր մնալ պաշտպանելու համար խոսք չունե՞ր, ինքզինք պահելու կե՞րպ չէր գիտեր, թեև կըսեին մեծերուն առջև երբեմն ինքզինք կբանա ու կբացատրե եղեր իր հայացքները ակնարկված հարցին նկատմամբ, անոնցմե ուրիշի մը չլսելու համար խոսք առնելե հետո։ Մեզի երբեք չբացվեցավ օր մը։ Ան վանքերն ինչ տեսած ըլլար, ան մութ մեկուսացված անկյուններուն մեջ որու հանդիպած ու ինչերու ականատես եղած արդյոք, որ գեղջուկ ծերուկի մը մինչև հոգիին խորերը այնքան ցավոտ ու ցնցող տպավորություն մը թողած ըլլար անոր ամեն օր ըսել ու ըսել տալու համար մենամոլ խենթի արտահայտությունով «մինչև աս չըլլա, մինչև ան չի կատարվի, մինչև մանավանդ կուսակրոն վարդապետը չամուսնանա, աշխարհքը չի շիտկիր, չի բարեկարգվիր»։

Թե ծերուկին աշխարհքը իր գեղն ու քաղաքն եղած ըլլար միայն, ասոր համար ալ զինք, իր հիշատակը չէիք ծաղրեր կհուսամ։

Օր մը Մովսեսի ու Համիտի աշխարհքն ալ այսչափ հիմակվանին պես լայն չէր կկարծեմ։