Jump to content

Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թորոս Թորանեան

գրական էթիկայի ոտնահարման այնպիսի փաստեր, որոնց մասին լռելը իմ կողմից համազօր կը լինէր ինքնախաբէութեան։

Իմ «Բարեւ, բաբի արեւ» գրքում «Ահեղ օրեր» պատմուածքաշարն ամբողջացնելու նպատակով, ես մի քանի պատմուածքներ ներմուծել եմ «Ճկատագրով դատապարտուածները» եւ «Սերժանտ Կարօն» գրքերից։ «Գրական թերթի» 1971 թուականի թիւ 18ում, «Նախասիրած թեմատիկայի ոլորտում» գրախօսութեան մէջ, իմ «Սերժանտ Կարօն» գիրքը համարելով սովետահայ արձակի նուաճումներից, Սեւակ Արզումանեանը պատմուածքների մասին մասնաւորապէս գրում է. «Գրքում ամփոփուած են նաեւ պատմուածքների երկու փոքրիկ շարք՝ «Ճանապարհ», «Կանգառ նահանջի ճանապարհին»։ Վերջինն ընդգրկում է երեք պատմուածք պատերազմական օրերի դրուագներից։ «Մարդ-պատերազմ, կեանք-մահ» պրոբլեմների առաջադրումով հեղինակն առաջին պլան է մղում Նաստիայի, Սուրէնի («Կանգառ նահանջի ճանապարհին»), Եկատերինա Ալեքսանդրովնայի («Մէկ ամիս ծովափին») խորտակուած ճակատագրերը, կատարում ճշգրիտ ընդհանրացումներ։ Մ. Սարգսեանը կրկին նախասիրած թեմայի ոլորտում է եւ բերում է կենդանի իրականութեան շունչը»։

Նոյն պատմուածքների մասին, այս անգամ «Գրական թերթի» սոյն տարուայ թիւ 37ում ստորագրուած Ս.Արզումանեանի «Չնահանջել նուաճուած բարձունքներից» գրախօսութեան մէջ կարդում ենք. «Մ. Սարգսեանի որոշ գործեր չեն բարձրանում տղամարդկանց եւ կանանց ինտիմ յարաբերութիւնները շօշափող տխուր կենցաղագրութիւնից։ Այդպիսին են օրինակ. «Մարտ տեղական բնոյթի» (որը, ի դէպ, արժանացել է «Սովետական Հայաստան» թերթի մրցանակին. Մ. Ս.), «Լուսաբացին», «Կանգառ նահանջի ճանապարհին», «Մէկ ամիս ծովափին», «Պատերազմից յետոյ» պատմուածքները»։

Ինձ յայտնի չեն այս 180 աստիճանի կարծիքափոխութեան դրդապատճառները, սակայն ասեմ, որ առաւել զարմանալի է «Պատերազմից յետոյ» պատմուածքի օրինակը, այն առաջին անգամ տպագրուել է «Ճակատագրով դատապարտուածները» գրքում, որի հրատարակչական գրախօսը եւ մանաւանդ խմբագիրը... ընկեր Սեւակ Արզումանեանն է։