Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա օպերա, զիգզագ, պրոբագադ և այլ։

  Ի՞նչ եք անելու։ Եվ ինչո՞ւ պիտի վշտանաք ու կռվեք, ի սեր Աստուծո։ Դուք կարծում եք միայն նրանով պիտի ճոխանաք ու բավականանաք, ինչ որ հայի միտքն ու հանճարն է տալի…
   Վերցնենք բառը։
  խնդրեմ ասեք, եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «ջանը», որ չինական է, թե մոնղոլական֊թաթարական, ինչո՞վ կփոխարինեք։ Մի քիչ մտածեցեք, կտեսնեք մի բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ դնել չեք կարող։ Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերեն չեն։ Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք —ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. գամառ– Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ։
 Ավելի ձախորդն էն է, որ Մեղրյանը օրինակ է բերում ռուսաց և եվրոպական գրականությունները, թե նրանք ինչքան մաքուր լեզվով են գրում իրենց մանուկների համար։ Ուրիշ խոսքով՝ իրենց լեզվի մեջ օտար բառեր չեն ընդունում։ էս հո արդեն էնքան է սխալ, որ ես հերքելն ավելորդ եմ համարում։ Գրեթե ամեն մի նոր եվրոպական բառ, ինչ որ հայերը շինում են կամ թարգմանում, ռուսները նույնությամբ առնում են ու տալիս իրենց երեխաներին։
  Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։ Բավական էր. մեր երեխաների տյլես չպետք է սարսափեն «հա՛» ասելիս, և մայրերն այլևս չպետք է մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա՛» ասացիր, ի՞նչպես կա–